Հայաստանում անտերություն է. օտարերկրյա ՀԿ-ները Հայաստանում կասկածելի գործունեություն են ծավալում
Հայաստանյան լրատվամիջոցներն արդեն տևական ժամանակ է ահազանգում են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը Հայաստանում պարբերաբար կատարում է «ուսումնասիրություններ», հավաքագրում ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները։ Այդ կազմակերպության հավաքած տվյալները, կամ այսպես ասած՝ «հետազոտությունները», որոնց որակն առանձին զրույցի թեմա է, պարբերաբար օգտագործվում են Ադրբեջանական քարոզչական նյութերում։
Կազմակերպությունը «հետազոտություններ» է իրականացրել Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Սյունիքում: Վերջին հետազոտությունը կատարվել է Սյունիքում, որտեղ թե հողից, թե մարդկանցից փորձանմուշներ են վերցվել։
«Փաստինֆոն» հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ փորձելով հասկանալ, թե արդյոք ԱԳՆ-ն տեղյա՞կ է նշված ՀԿ-ի հայաստանյան գործունեությունից, արդյո՞ք թույլտվություն տրվել է այդ կազմակերպությանը ՀՀ-ում փորձագիտական գործունեություն ծավալել, եթե այո, ապա արդյոք նախապես ուսումնասիրվել է, թե ինչ հետազոտություն է իրականացվում, ինչ նպատակով և ինչ մեթոդոլոգիայով։
Մենք նաև հարցրել էինք, թե արդյոք ԱԳՆ-ում մտավախություն չունե՞ն, որ չեխական նշված հասարակական կազմակերպության կողմից իրականացվող հետազոտությունները կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել ընդդեմ Հայաստանի՝ մեղադրելով շրջակա միջավայրին վնաս պատճառելու մեջ։
Ի դեպ, նկատենք, որ վերջերս Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան եւս հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «խստացնել վերահսկողությունը Հայաստանում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ, հատկապես, երբ այն վերաբերում է առանց պատկան վերահսկողության և թույլտվությունների՝ կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրմանը, որը հանգեցնում է չստուգված, կամայական մեկնաբանությամբ տեղեկատվության տարածմանը՝ վնասելով Հայաստանի ազգային շահերին»։ Մենք հետաքրքրվել էինք, թե արդյ՞ոք ԱԳՆ-ն կիսում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Պարզվում է՝ ԱԳՆ-ում տեղյակ չեն օտարերկրյա այս ՀԿ-ի հայաստանյան գործունեությանը։ Համենայն դեպս՝ հարցերի պատասխաններն ստանալու համար ուղղորդել էին դիմել ՀՀ ոլորտային իրավասություն ունեցող մարմիններին։ Հատկանշական է, որ ԱԳՆ-ն չի մատնանշել, թե հատկապես ոլորտային որ մարմինների մասին է խոսքը։
Առավել եւս, երբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարն իր ամփոփիչ ասուլիսում հայտնել էր, որ պետական տարածքներում հետազոտություններ, նմուշառումներ անելու թույլտվություն իրենք չեն տվել: Երկրորդ՝ արտաքին ռիսկերը գնահատող, հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցերով ոլորտային նախարարությունը կարծես թե ԱԳՆ-ն է։
Ինչեւէ, մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ ՀԿ-ն Հայաստանում ազատորեն գործում է առանց որեւէ վերահսկողության, իսկ ընդդիմախոսին գործակալ լինելու մեջ մեղադրող իշխանություններն ու իրավապահները չեն ջանում վերահսկել օտարերկրյա կառույցների աշխատանքը Հայաստանում։
Մինչդեռ, օրինակ նույն Ադրբեջանում, որտեղ շատ ավելի շուրջ բնապահպանական խնդիրներ կան, նման կազմակերպությունները անգամ փորձ չեն կարող կատարել մուտք գործելու և որևէ բնապահպանական ծրագիր իրականացնելու։ Հիմնավորումը շատ պարզ է, ասում են բռնապետական երկիր է, իսկ Հայաստանն, ինչպես իրենք են վստահ՝ ժողովրդավար է։ Բայց սա այլևս ոչ թե ժողովրդավարության մասին է, այլև ամենաթողության, որտեղ ով ինչ ուզում անում է, տվյալներ հավաքագրում, որոնք այդ նույն բռնապետական երկրի կողմից կարող են օգտագործվել մեր երկրի դեմ։
Աղբյուր՝ Փաստինֆո
