Պայմանագրային զինռածառայողին դաժան ծեծի են ենթարկել․ նա վերակենդանացման բաժանմունքում է. News.am
24-ամյա Ավետիք Մկրտչյանին ծեծել են ու բերել, գցել են չաստի դեմը․ վիճակը ծանր է եղել, մի աչքը հեռացրել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել են պայմանագրային զինծառայողի հարևանները։
NEWS.am-ը տեղեկացել է, որ Ավետիք Մկրտչյանը Հրազդան քաղաքից է, նա մի քանի ամիս առաջ էր անցել պայմանագրային ծառայության։ Նրան ճանաչողները ասում են՝ հանգիստ, հավասարակշռված տղա է, ու մեծ ափսոսանքով են խոսում այն մասին, որ երիտաարդ տղան, փաստորեն, հաշմանդամ է դարձել։ Բժիշկներն այժմ պայքարում են, գոնե նրա 2-րդ աչքի տեսողությունը պահպանելու համար։
72-ամյա Բենիկ պապից ընտանիքի անդամները սկզբում փորձել են թաքցնել միակ տղա թոռան հետ կատարվածը, մի քանի օր առաջ են ստիպված եղել ասել։ Դրանից հետո Բենիկ պապը, ձեռքից չի թողնում թոռան լուսանկարը։ Նա պնդում է, որ մեղավորները պետք է պատասխան տան․
«Կուզեմ, որ էդ անողները պատասխան տան, պատժվեն։ Դե թող ադրբեջանցու դեմ կռվեին։ Ես պատճառը չգիտեմ, բայց ինչ պատճառ էլ լինի, այդպես չի կարելի անել։ Մի տղա թոռն ունեմ էն էլ տենց են անում»։
Դեպքից 12 օր անց հարուցված քրեական վարույթով դեռ ձերբակալված չկա։ Հայտնի չէ նաև՝ կա՞ արդյոք կասկածյալների շրջանակ։ Քննչական կոմիտեն այս դեպքով որևէ մանրամասներ չի հայտնում։ ՊՆ-ից էլ ասում են՝ դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս հետևաբար իրենք որևէ կերպ չեն կարող մեկնաբանել։
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին դաժան ծեծի էին ենթարկել․ նրան փետրվարի 5-ի երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում գտել էին իր ծառայության վայրի՝ Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց։ Նա մինչև այժմ վերակենդանացման բաժանմունքում է։
24-ամյա Ավետիքի դաժան ծեծը ծանր հետևանքներ է ունեցել նրա առողջության համար։
