Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահը ազատվեց տնային կալանքից
Դատարանի որոշմամբ Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից, այս մասին հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։
Դատարանն արձանագրել է, որ բացակայում է Նաիրա Ալավերդյանին տնային կալանքի տակ պահելու հիմքը, հետևաբար՝ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ենթակա է վերացման:
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։
Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
