Դուրս եկեք ձեր գրասենյակներից, քայլեք քաղաքներով ու գյուղերով, լսեք մարդկանց և թող մարդիկ լսեն ձեզ...
Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
Ես ինձ բավականին լավատես ու համառ մարդ եմ համարում և միշտ մտածել եմ, որ ցանկության դեպքում ամենաբութ էակին էլ կարելի է բարձրագույն մաթեմատիկա սովորեցնել, ուստի միշտ մտածել եմ, որ եթե մարդուն խաղաղ, առանց նյարդայնանալու ու վիրավորելու մատչելի բացատրես, թե ինչ ավերածություններ են գործել այս 8 տարում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, անհնար է, որ մտածելու նվազագույն ունակություն ունեցող անձն ի վերջո դա չընկալի և չընդունի, որ մեր երկրի փրկությունը այս իշխանության հեռացումն է:
Բայց, ցավոք սրտի, ոմանց հետ ունեցած վերջին շրջանի շփումներս մի քիչ խարխլել են այս լավատեսությունը և ես սկսել եմ մտածել. մարդկանց այն մասը, որը լավ հասկանում է, թե ինչ է կատարվում և իր ընտրությունը կատարել է հօգուտ աշխատավարձի (կոպիտ ասած` լափի) ու պաշտոնի, ոչ մի արգումենտ երբևէ չի լսելու: Մյուս հատվածը, որն ուղղակի ընդունակ չէ ընկալելու, անշահախնդիր է, բայց բութ, անիմաստ է սրանց վրա նյարդեր, առողջություն ու ժամանակ ծախսելը, սրանք մորթվող ոչխարի նման վտանգը չեն զգալու մինչև հանդերձյալ աշխարհ գնալու պահը: Այս 2 խմբին էլ անիմաստ է բան բացատրելը, կոկորդ պատռելը, ուստի կոչերը` ուղղված ընդդիմությանը, թե` խոսեք մարդկանց հետ, բացեք նրանց աչքերը իշխանության արած-չարածի վրա, ժամանակի զուր կորուստ է:
Ուրեմն ի՞նչ պիտի անի ընդդիմությունը և ու՞մ վրա պետք է աշխատի: Իմ կարծիքով.
1. Պետք է աշխատի միմիայն այն մարդկանց հետ, ովքեր դժգոհ են այս իշխանությունից ու այլընտրանք են պահանջում, բայց վստահ չեն, որ իշխանության հայտ ներկայացրած ուժերն ունակ կլինեն երկիր կառավարել և այս բարդագույն հարցերը, որոնք կախված են օդում, լուծել: Պետք է այդ մարդկանց ուղի ցույց տալ, հույսի շող, թունելի վերջում լույս գծագրել: Պետք է սեփական անելիքը, քայլերի հաջորդականությունը, թիմի գիտելիքներն ի ցույց դնել, կառավարչական ունակությունները: Որ մարդիկ հասկանան` իշխանափոխությունը ցնցումներ չի բերելու մեր հոգնած ժողովրդին, ճիշտ հակառակը` ինքնավստահ, կայուն, հասուն, ադեկվատ մարդիկ են գալու իշխանության, որոնք եթե անգամ միանգամից ու մեծ տեղաշարժեր չապահովեն, հաստատ կկանգնեցնեն երկրի խելահեղ գահավիժումը, կանխատեսելի կդարձնեն իշխանությունների վարքագիծը, արժանապատվություն կհաղորդեն մեր պետությանը:
2. Ոչ մի բացասական խոսք մրցակիցների, և անգամ իշխանությունների հասցեին, ոչ մի ուղիղ քննադատություն չպետք է հնչի: Մարդիկ հոգնել են չարությունից, ատելությունից, պառակտումից: Միայն սիրո ու համերաշխության խոսքեր, ջերմ ու համագործակցային մթնոլորտի ձևավորման խոստումներ` բոլոր խավերի ու սեգմենտների հետ ու հատկապես սփյուռքի: Մի կողմ պետք է դնել «նախկիններին» պատժելու, ունեզրկելու, բանտարկելու, պաշտոնազրկելու հաթաթաները: Գիտեմ, որ դա գայթակղիչ ճանապարհ է և մեր հասարակությունը վենդետաների սիրահար է, բայց հավատացեք` մարդիկ հոգնել են նիկոլական խոսույթից ու վարքագծից. ուժայինները չպետք է խառնվեն քաղաքականությանը, իրավապահները պետք է միայն քրեական հանցագործներ բռնեն, ԱԱԾ-ն միայն պետության անվտանգությամբ պիտի զբաղվի, բանտերում նվազագույն քանակի և միայն դատապարտված անձինք պետք է լինեն...Այս մարտավարությունը հասարակությունը կգնահատի` վստահ եղեք:
Եվ բավական է շփվեք ձեր համախոհների ու կուսակիցների հետ, դուրս եկեք ձեր գրասենյակներից, քայլեք քաղաքներով ու գյուղերով, լսեք մարդկանց և թող մարդիկ լսեն ձեզ...
