Կաթողիկոսը շրջափակման մեջ է. Ինչով է սպառնում Եկեղեցուն Գարեգին Բ-ի դեմ հարուցված քրեական գործը․ Նեզավիսիմայա գազետա
Լուրերն այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարությունը վերջերս ակտիվորեն դիտարկում էր արտագաղթի և եկեղեցական կառույցները «վտարանդիության մեջ» վերստեղծելու տարբերակը, անհիմն չէին։ Ըստ ամենայնի, Փաշինյանի կառավարությունը որոշել է կանխել հենց այդ սպառնալիքը՝ արտերկրում այլընտրանքային եկեղեցական կենտրոնի հայտնվելը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Կաթողիկոսի համար տեղափոխվելու օգտին փաստարկները քիչ չէին։ Հայաստանի ներսում կաթողիկոսի հնարավորությունների միջանցքն առանց այդ էլ օրեցօր նեղանում էր. նրա հասցեին հնչում էին տարբեր սպառնալիքներ՝ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող եկեղեցական դատարանի որոշմամբ գահընկեց արվելու հեռանկարից մինչև պետական դավաճանության հոդվածով քրեական գործ։ Մինչդեռ հայտնի է, որ արտերկրում ՀԱԵ առաջնորդն ունի կապերի և աջակիցների լայն ցանց։ Արդյունքում, կաթողիկոսը, հավանաբար, հենց ինքն է իր գործողություններով առիթ տվել Փաշինյանին. ողջ փետրվար ամիսը նա կարծես թե ցուցադրաբար իրականացնում էր նախապատրաստական աշխատանքներ և արտագաղթից առաջ իր ակտիվների ստուգում։
Կաթողիկոսի վրա Փաշինյանի հարձակումը, ակնհայտորեն, խթանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 10-ին Երևան կատարած այցը։
Չնայած Վաշինգտոնի և Երևանի միջև ռազմավարական գործընկերության ընդլայնման մասին հնչող հրապարակային լավատեսական ելույթներին, այցի հիմնական մասը կազմել է արցախահայերի բողոքի ակցիան, ովքեր վանկարկում էին. «Ազատե՛ք հայ քրիստոնյա պատանդներին»:
Բացի այդ, հայկական ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով գտնվում է կալանքի տակ, «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության» (CSI) միջնորդների միջոցով կարողացել է Վենսին փոխանցել իր նամակը… Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը, սակայն՝ առանց մեկնաբանությունների:
…Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ հարցերը սկսել են ուղեկցել Նիկոլ Փաշինյանին ցանկացած միջազգային համաժողովում՝ ամենուր, որտեղ նա հայտնվում է:
Այժմ «ՀԱԵ-ն վտարանդիության մեջ» նախագիծը, հավանաբար, տապալված է: Իսկ Փաշինյանն իրեն հավատարիմ հոգևորականության ձեռքերով լիովին կարող է Էջմիածնում իշխանությունների կողմից վերահսկվող այլընտրանքային կաթողիկոսի ընտրություններ անցկացնել: Թուրքական լրատվամիջոցները նույնիսկ նշում են հավանական թեկնածուի անունը՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին:
