«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Արա Պողոսյանն անկեղծորեն զարմանում է, որ մենք դեռ խոսում ենք իշխանության կարմիր գծեր ունենալ-չունենալու մասին։ Ըստ նրա, ունենք իշխանություն, որն օբյեկտիվ իրականության մեջ ապացուցել է, որ իր համար որևէ կարմիր գիծ չկա։ Քաղաքագետի հետ զրույցի առաջին հարցս վերաբերում էր Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդմանը՝ նշելով, որ շատերն այս նորությանն այսպես են արձագանքում՝ հատված է հերթական կարմիր գիծը, կամ էլ ավելի մոտեցանք անդառնալիության կետին։ «Որևէ կարմիր գիծ ասելիս միայն մեկ բացառություն կա։ Իշխանության պահպանումը միակ կարմիր գիծն է, որ ունեն Հայաստանի ներկայիս իշխանությունները: Մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է իրենց համար։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Հետևաբար, այս համատեքստում այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ միայն սպասելի էր, այլև այս օրինաչափության մեջ է մտնում։ Իրենք վաղուց ցույց են տվել, որ Եկեղեցին, հավատքը, բարոյական նորմերը, հայրենիքի ու ազգային գաղափարները որևէ արժեք չունեն, եթե դրված է սեփական իշխանության գինը, իսկ սեփական իշխանության գինը ցանկացած գնով այն պահելն է, եթե պետք լինի, նույնիսկ ցանկացածիս ձերբակալելով, եթե պետք լինի, նույնիսկ գնդակահարելով։ Այստեղ փնտրել կարմիր գծերի օրինաչափություն, կարծում եմ, անշնորհակալ գործ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Տեղի ունեցողն անգամ իրավաբաններն են դադարել դիտարկել միայն Սահմանադրության և օրենքների շրջանակում, Կաթողիկոսի հանդեպ տեղի ունեցողը դարակազմիկ խայտառակություն են որակում։ Այս հարցի քննարկումը թերևս ավելի շատ գնում է դեպի բարոյական տիրույթ։ «Այս գործընթացներում որևէ օրինաչափություն չկա, իրավական օրինաչափությունը բացակայում է, բարոյական օրինաչափությունը բացակայում է։ Տեսե՛ք, մի շատ հետաքրքիր դրվագ, որը մեզ համար կլիներ նոնսենս, եթե մենք չճանաչեինք այս իշխանություններին։ Երկրի օրենսդիր մարմնի ղեկավարն օտարերկրյա հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս, իր երկրի հոգևոր առաջնորդներին, առանց անուններ տալու, մեղադրում է մի հանցագործության մեջ, որն ուղղակի աներևակայելի է։ Եթե չճանաչեինք իրենց, սա իրապես շոկ կառաջացներ, բայց քանի որ գիտենք, թե ինչ օրինաչափությունների վրա է ձևավորված այս իշխանությունը, այստեղ նույնիսկ մտածելու, քննարկելու խնդիր չկա։ Իրավական առումով, սահմանադրական առումով՝ այստեղ չկա Սահմանադրություն, չկա իրավունք, բարոյականության առումով՝ չկա բարոյական հարթություն։ Այս բոլոր գծերը պետք է մոռանանք ու հասկանանք՝ գործ ունենք մի իշխանության հետ, որի համար այս բոլոր գծերը վաղուց հատված են»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով արտաքին քաղաքական գործընթացներին՝ Պողոսյանը նշում է, որ դրանք երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների շարունակությունն են։ «Ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետությունը իզոլ յացիոնիստական քաղաքականություն չի վարում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը իզոլացված չէ արտաքին աշխարհից։ Սա ապրիորի նշանակում է, որ արտաքին հարաբերությունները ներքին հարաբերությունների շարունակությունն են արտաքին աշխարհում, և արտաքին քաղաքականությունը չի կարող կտրված լինել ներքին քաղաքականությունից։ Սա աքսիոմատիկ երևույթ է միջազգային հարաբերություններում, որը ոչ ոք չի կարող ժխտել։ Հիմա, երբ խոսում ենք երկրի ներսում տեղի ունենալիքի մասին, բնականաբար, կա՛մ սա է շարունակությունը արտաքին քաղաքականության, կա՛մ արտաքին քաղաքականության պրոյեկցիան է ներքին քաղաքականության վրա։ Մեծ հաշվով, միայն խորքային ուսումնասիրողների համար է սա էական, իսկ հասարակության համար սա շատ քիչ էական նշանակություն ունի։ Իրականությունն այն է, որ արտաքին քաղաքական գործընթացները շարունակությունն են ներսում տեղի ունեցողի, իսկ ներսում տեղի ունեցողը նաև արտաքին հարթակներում ենք մենք տեսնում։ Պատահական չնշեցի երկրի երկրորդ դեմքի՝ օտարերկրյա հեռուստաընկերությամբ արտահայտած միտքը։ Սա վկայում է այն մասին, որ սա մեր ներքին քաղաքականությունը չէ միայն։ Սրա վառ վկայությունն է նաև այն, որ, օրինակ՝ երկրի իշխանությունները Եվրոպական միության տարբեր ամբիոններից խոսում են 2026 թվականի ընտրությունների նախօրեին հիբրիդային հարձակումների մասին և խնդրում են աջակցություն, ներհայկական տարբեր քաղաքական ուժերի և դեմքերի մեղադրում են իբրև թե արտաքին հիբրիդային գործիք լինելու մեջ։ Սա ուղիղ խոսում է այն մասին, որ գործնականում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության շարունակությունն է կամ հակառակը»։


Իսկ ինչպիսի՞ ազդեցություն են միջազգային դերակատարներն ունենում մեր երկրի վրա։ Օրինակ՝ փոխնախագահ Վենսի այցելության հետ մեծ հույսեր էր կապում հանրության մի ստվար զանգվածը, կամ գոնե նման սպասումներ էր ստեղծել Հայաստանի իշխանությունը։ «Նախ՝ պետք է հասկանալ՝ ի՞նչ են միջազգային հարաբերությունները, արդյո՞ք միջազգային հարաբերությունները բարոյական հարաբերությունների մասին են, թե՞, ինչպես դասական ռեալիզմի դպրոցն է ասում, դրանք սեփական շահերի սպասարկման մասին են։ Ցավոք, Հայաստանում թե՛ գիտական, թե՛ մշակութային, թե՛, ընդհանրապես, ներհայկական պատկերացումների մեջ միջազգային հարաբերություններին վերաբերվում են պետությունների՝ բարոյական լինելու իդեալիստական մոտեցումներով։ Այնինչ, դեռևս տասնամյակներ առաջ «Մեծ դեբատներով» ապացուցվեց դասական ռեալիզմի տեսությունը՝ իրականությունը միջազգային հարաբերությունների արտացոլումն է, այսինքն՝ պետությունները առաջնորդվում են բացառապես սեփական շահերով։ Բարոյականության, արժեքների կամ արժեքահեն քաղաքականության մասին հայտարարություններն ընդամենը սեփական փափուկ ուժի քաղաքականության պրոյեկցիան են և ոչ թե պետության գերնպատակը, ինչպես շատերին թվում է։ Հետևաբար, պատկերացումներ ունենալ, որ որևէ երկիր շահագրգռված կլինի քո երկրում բարոյական մթնոլորտի վերականգնման, ազգային համերաշխության և այլնի հարցերում, նման բան ուղղակի չի կարող լինել։ Դա կարող է բացառապես սեփական շահերի համար օգտագործելի գործիք լինել և ոչ ավելին։ Ուստի, կարծում եմ՝ պատրանքներ ունենալու դեպքում, որ Վենսը, Թրամփը կամ մեկ ուրիշը տեսնելու են Եկեղեցու նկատմամբ հալածանքները և որոշելու են պաշտպանել Եկեղեցուն, մեզ հիասթափություն է սպասվում»,-ընդգծում է քաղաքագետը։

Եվ հենց այս իրավիճակում է առաջանում ամենակարևոր հարցը՝ իսկ ինչպե՞ս պետք է մեզ ճահճից դուրս բերենք։ Ի վերջո, ներքին համերաշխությո՞ւնն է լուծելու կարևոր խնդիրները։ «Պետության ուժն ունենում է նյութական և ոչ նյութական ակտիվ։ Ներքին համերաշխությունը պետության ուժի ոչ նյութական ակտիվն է, ամենակարևոր էլեմենտներից մեկը։ Եթե ուզում ենք ուժեղ պետություն, պետք է բավարարենք ոչ նյութական ակտիվի ամենակարևոր էլեմենտներից մեկի առկայությունը՝ ներքին համերաշխությունը։ Եթե ունենանք հսկայական բնական ռեսուրսներ, ինչպես աֆրիկյան բազմաթիվ երկրներ, ունենանք նավթի ամենախոշոր պաշարները, ինչպես Վենեսուելան, բայց չունենանք ներքին համերաշխություն, կառավարման որակ, որակյալ էլիտա, ավելի խղճալի վիճակում ենք լինելու, քան ցանկացած այլ պետություն, որը չունի այդ բնական ռեսուրսները։ Ներքին համերաշխությունը պետության ուժի կարևորագույն էլեմենտներից մեկն է։ Նույնիսկ եթե մնացած բոլոր բաղադրիչները ունենանք՝ ուժեղ բանակ, ֆինանսական ռեսուրսներ, առանց ներքին համերաշխության դրանք ուղղակի սպառվելու են՝ ի վնաս մեզ»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Դատարանը Ստեփան Ասատրյանի գործունեությունը կարգավորող պայմանագիր է պահանջել Հայ Առաքելական Եկեղեցուց Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են․ Արման Աբովյան Ընդդիմության կազմակերպվածությունից է կախված լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը. Սևակ Խաչատրյան  «Ինչո՞վ է Նիկոլը կախված Ալիևից»․ Իշխան Սաղաթելյան (video) Մեծ համաներու՞մ. ընդդիմության կարևոր առաջարկը․ Գառնիկ Դանիելյան (video) «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է մեգանախագծեր Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման Ավինյանենց առանձնատան փողոցի ասֆալտն աղը չի «ուտում»․ փոս չկա Դե՛, ձեզ տեսնեմ ջահել տղերք, մե՛կ էլ, մե՛կ էլ մի զարկ տվեք. Փետրվարի 16-ին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի մահվան տարին էր ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերի գույքի հափշտակության համար Իշխանությունն՝ ընդդեմ սահմանադրական կարգի. Սուրեն Սուրենյանց Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակության ցենզերը․ փաստաբան 3 օրինակ, որ մեր երկիրը զավթել են (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի 9 միլիարդանոց խելագարությունը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Երևանում օտարերկրացին գողացել է մի կնոջ պայուսակը, որում եղել է 1,5 մլն դրամ գումար Վենսը Հայաստանում Թուրքիայի արտաքին հետախուզությունից զանգ է ստացել․ Արթուր Խաչիկյան (video) ՀԱԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում եկեղեցուն Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Ձյուն ու ձնախառն անձրև է սպասում Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ» Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր Մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am