Ռուսաստանում Ալեն Սիմոնյանից հարցազրույց վերցրած լրագրողին հեռակա կարգով դատապարտել են ազատազրկման
Մոսկվայի Գոլովինսկի դատարանը «Դոժդ»-ի (Արդարադատության նախարարության կողմից ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ) լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին հեռակա կարգով դատապարտել է ութ տարվա ազատազրկման, РБК-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։
Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի «դ» կետով (Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկության հրապարակային տարածում): Այդ հոդվածով առավելագույն պատիժը մինչև տասը տարի ազատազրկում է. դատախազությունն ավելի վաղ Կոտրիկաձեի համար ինը տարվա ազատազրկում էր պահանջել։
Բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և որպես օտարերկրյա գործակալ իր պարտականությունները չկատարելու համար 2025 թվականի հուլիսին Կոտրիկաձեի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Մյուս մեղադրյալների թվում են նրա ամուսինը՝ «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն, և հեռուստաալիքի հաղորդավարուհի Վալերիա Ռատնիկովան (նրանք ևս ընդգրկված են օտարերկրյա գործակալների գրանցամատյանում)։
Անցյալ տարվա հոկտեմբերին Քննչական կոմիտեն պահանջել էր լրագրողի ձերբակալությունը հեռակա կարգով, և նույն ժամանակ Ձյադկոյի նկատմամբ հեռակա կարգով ձերբակալման հրաման էր արձակվել։
Հիշեցնենք, որ Կոտրիկաձեն վերջերս հարցազրույց էր վերցրել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանից: Հարցազրույցը հրապարակվել է փետրվարի 15-ին։
NEWS.am
