ՊՆ-ն հակառակորդի համար հասանելի է դարձնում ինժեներական տվյալներ․ Աբրահամյան
Որոշակի պարբերականությամբ իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են մեղադրանքներ նախորդ բոլոր կառավարություններին այնպիսի թեմաներով կամ զինտեխնիկա այնպիսի նմուշների գոյության մասով, որոնք նաև այսօր էլ առկա են զինված ուժերում, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե դրանք մետաղե ջարդոն են եղել, ապա ի՞նչ գործ ունեն զինված ուժերի կազմում։ Վերջին շրջանում բավական լայն թափով ներկայացվող ամրեցման շրջաններում ինքս հանդիպել եմ այնպիսի նմուշների, որոնք 60-ական, 70-ականներ կամ նրանց ասած 30-ական թվականներին նմուշներ են։ Ավելին ասեմ, հրետանային միջոցներ են, որոշների դեպքում՝ ՀՕՊ միջոցներ են։ Այսինքն, մարդկանց մի մասը, ովքեր խոսում են նմուշների մասին, փորձում են համեմատության մեջ դնել մինչև 2018 թվականը և 2018-ից հետո եղած նմուշները, այդ մարդիկ կամ մանրամասն չեն տիրապետում զինված ուժերի նախորդ ժամանակահատվածի և այսօրվա ժամանակահատվածի գոյությանը, կամ դիտավորյալ հասարակությանը տանում են մոլորության»,-ասաց Աբրահամյանը։
Պատգամավորն ասաց, թե պաշտպանության նախարարությունը, զուտ ընտրական քարոզարշավի առանձնահատկություններից ելնելով, հակառակորդի համար հնարավորինս հասանելի է դարձրել այն ամենը, ինչն որ այսօր կա ինժեներական կառույցներում։
