Բրյանսկի բնակիչների մի մասն առանց ջեռուցման և լույսի է մնացել՝ էներգետիկ օբյեկտներին հասցված ուկրաինական հարվածից հետո
Էներգետիկ օբյեկտներին հասցված ուկրաինական հարվածի հետևանքով Բրյանսկում մասնակիորեն դադարեցվել է ջեռուցումն ու էլեկտրամատակարարումը։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։
Նահանգապետի հաղորդագրության մեջ նշվում է, որ ջեռուցման և լույսի անջատումները տարածվել են նաև Բրյանսկի մարզի հինգ մունիցիպալ կազմավորումների վրա։
«Բրյանսկայա գուբերնիա» պարբերականը գրում է, որ առանձին բազմահարկ շենքերում, լույսի և ջեռուցման անջատմանը զուգահեռ, ժամանակավորապես դադարեցվել է նաև տաք ջրի մատակարարումը։ Քաղաքում անօդաչու թռչող սարքերի վտանգի ռեժիմը գործել է ավելի քան 19 ժամ. այն սահմանվել էր փետրվարի 15-ի առավոտյան և չեղարկվել փետրվարի 16-ի գիշերը։
Ինչպես պնդում է «Բրյանսկայա գուբերնիա» պարբերականը, տների ջեռուցումն ու էլեկտրամատակարարումը վերականգնվել են «կարճ ժամանակ անց»: Բոգոմազն այդ մասին անձամբ չի հայտնել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 20:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ ուժերը որսացել են 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց մի մասը՝ Բրյանսկի մարզի երկնքում։
