Եվրոպան պետք է հաշվի առնի ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխությունը․ China Daily
Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է վերանայի անդրատլանտյան հարաբերությունների նկատմամբ իր վերաբերմունքը և հարմարվի ավելի պրագմատիկ ու բազմաբևեռ համաշխարհային համակարգին։ Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է China Daily թերթը։
«Աշխարհաքաղաքականությունը ռոմանտիկ դրամա չէ։ Այն հաշվեկշռային տեղեկագիր է», — նշվում է հրապարակման մեջ՝ պարզաբանելով, որ ԱՄՆ-ն դաշնակցային պարտավորությունները դիտարկում է գործարքային տրամաբանությամբ՝ ելնելով սեփական շահերից, մինչդեռ ԵՄ-ն առաջնորդվում է «ընդհանուր ճակատագրի» գաղափարներով։
Նյութում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ քաղաքական վերնախավի հայտարարությունները պետք է դիտարկել ոչ թե որպես ժամանակավոր տարաձայնություններ, այլ որպես համագործակցության պայմանների վերանայում։
Մասնավորեցվում է, որ Եվրոպան պետք է հաշվի առնի ուժերի համաշխարհային հավասարակշռության փոփոխությունը։ Զարգացող տնտեսությամբ երկրներն ապահովում են համաշխարհային արտադրության ավելի քան 60%-ը, իսկ Չինաստանը հզորագույն առևտրային գործընկեր է մնում 120 պետությունների համար։
Թերթը հիշեցրել է Մյունխենում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի ելույթը, որտեղ նա կոչ էր արել ամրապնդել բազմակողմանի համագործակցությունը և հրաժարվել բլոկային քաղաքականությունից, որն աշխարհը բաժանում է մշտական ճամբարների։
Նյութի հեղինակի կարծիքով՝ Եվրոպան պետք է վերանայի իր ռազմավարությունը, քանի որ ԵՄ-ի համար «ռազմավարական անհասության» դարաշրջանը, երբ նա կարող էր հույսը դնել ԱՄՆ-ի վրա և աշխարհաքաղաքական պատրանքներ ունենալ, մոտենում է ավարտին։
