«Անհնարին» երկրաշարժերը տեղի են ունենում ամբողջ աշխարհում՝ փոխելով գիտությունը
Գիտնականներն առաջին անգամ կազմել են երկրագնդի մանթիայում՝ մոլորակի կեղևի տակ գտնվող խորը շերտում, տեղի ունեցող, այսպես կոչված, «անհնարին» երկրաշարժերի համաշխարհային քարտեզը։ Այն փաստում է, որ նման իրադարձությունները տեղի են ունենում աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում, այլ ոչ թե միայն առանձին կետերում, ինչպես նախկինում կարծում էին։
Science ամսագրում հրապարակված այս աշխատանքը նոր էջ է բացում Երկրի մակերևույթի տակ սեյսմիկ ակտիվության կառուցվածքի և դրա հնարավոր պատճառների ընկալման հարցում։
Երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունենում երկրակեղևում՝ համեմատաբար բարակ ու փխրուն շերտում, որտեղ լարվածությունը կուտակվում է, իսկ հետո հանկարծակի պարպվում՝ առաջացնելով ցնցումներ։ Կեղևի տակ գտնվող մանթիան սովորաբար համարվում է պլաստիկ և «ձգվող» միջավայր, որտեղ նման կտրուկ խզումներն անհնարին էին թվում։ Սակայն երկրաֆիզիկոսները վաղուց էին հայտնաբերել շատ խորը ցնցումների վկայություններ, որոնք սկիզբ են առնում, այսպես կոչված, Մոհորովիչիչի սահմանից (Moho) ավելի քան 35 կմ խորության վրա։ Այդ սահմանն անջատում է կեղևը մանթիայից:
