Ամերիկյան ինքնաթիռները շարունակում են ռազմական բեռներ տեղափոխել Մերձավոր Արևելք
ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ծանր ինքնաթիռները շարունակում են ռազմական բեռների տեղափոխությունը Մերձավոր Արևելքի ամերիկյան բազաներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում օդային երթևեկության պատկերն արտացոլող Flightradar24 և ADS-B Exchange կայքերի տվյալները։Վերջին երկու օրերին ամերիկյան C-17A Globemaster III և C-5 Galaxy ռազմական ինքնաթիռներն առնվազն 16 չվերթ են իրականացրել այս տարածաշրջան։
Դրանց մեծամասնությունը օդ է բարձրացել Տեխասում գտնվող զինվորական բազաների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների օդանավակայաններից։ Այդ ստորաբաժանումները զինված են Patriot զենիթահրթիռային համակարգերով և Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգերով։
Ինքնաթիռները ժամանել են Հորդանանի Մուվաֆաք Սալթի, Քուվեյթի՝ Ալի Ալ-Սալեմ և Սաուդյան Արաբիայի՝ Արքայազն Սուլթան ավիաբազաներ։Ոչ ամբողջական տվյալներով՝ ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները հունվարի կեսերից արդեն մոտ 150 թռիչք են կատարել դեպի Մերձավոր Արևելքի բազաներ։Այս շաբաթ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A Lightning II հինգերորդ սերնդի անտեսանելի կործանիչների (6 ինքնաթիռ) ևս մեկ խումբ։
