«Խաղաղության խորհրդում» Հայաստանը որոշիչ դեր չունի․ Սուրեն Սուրենյանց
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշել է` թեպետ Ռուսաստանը հրավեր է ստացել, սակայն խորհրդի անդամ չի դարձել։
«Սպասել, թե մնացած գերտերությունները շատ արագ կմիանան այդ մարմնին, որոշ չափով ֆանտաստիկայի ոլորտից է, այժմ ընթանում են բազմաշերտ գործընթացներ։ Գլոբալ հակադրությունների ֆոնին կան նաև միտումներ, որոնք կարող են աշխարհաքաղաքական կենտրոններին բերել որոշակի կոնսենսուսի։ Դա կարող է տևել մի քանի ամիս, գուցե նաև՝ ավելի երկար, և միայն դրանից հետո հնարավոր կլինի ակնկալել համատեղ մարմինների ձևավորում կամ համատեղ քայլեր գերտերությունների կողմից։ Առայժմ չենք հասել այդ փուլին, հետևաբար, Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը տրամաբանական է»,-ասել է քաղաքագետը։
Անդրադառնալով Հայաստանին՝ Սուրենյանցը կարծիք է հայտնել, որ դժվար է ակնկալել, որ հենց Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելով՝ գլոբալ փոփոխություններ տեղի կունենան։
«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Մոսկվայում, ինչպես նաև Թեհրանում ու մի շարք այլ մայրաքաղաքներում հարցեր է առաջացնում, և դա ակնհայտ է։ Այդ մտահոգությունները նույնիսկ չեն թաքցվում։ Օրինակ՝ հիշենք Լավրով-Սիմոնյան մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպումը. արտաքինից նրանք խոսում էին նույն լեզվով, բայց տպավորությունն այն էր, թե իրականում երկու տարբեր լեզուներով են հաղորդակցվում։ Այսինքն՝ ընդհանուր մտահոգություններ ու կասկածներ կան, սակայն «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցելը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ընդամենը փոքր դրվագներից մեկն է։ Ուստի չեմ կարծում, որ դրա վրա կենտրոնանալը նպատակահարմար է, առավել ևս, երբ Հայաստանը տվյալ մարմնում որոշիչ դեր չունի»,-նշել է նա։
Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ երբ նոր աշխարհակարգի ձևավորման շուրջ աշխարհաքաղաքական կենտրոնները գան համաձայնության, հնարավոր է, որ փոխվեն նաև նման կառույցների ձևաչափերը։
«Չի բացառվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր վերաձևավորումը, սակայն այժմ վաղ է դրա մասին խոսելը։ Առայժմ այս «Խաղաղության խորհուրդը» ավելի շատ Թրամփի և նրա մի քանի տասնյակ համակիրների հարթակն է, որը հիմնականում կենտրոնացած է Գազայի հակամարտության վրա»։
