Պատմական անցյալն օրինակ է մերօրյա դժվարությունների ու մարտահրավերների դեմ միակամ ու միասնական պայքարելու՝ հանուն Եկեղեցու անսասանության. Եզրաս Սրբազան
Վարդանանց տոնին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում հզոր ու միասնական աղոթք է հնչել թեմի տարբեր ծխերի քահանաների և երեցկանանց մասնակցությամբ:
Նրանք Մոսկվա էին ժամանել Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոները միասին նշելու, Վեհափառ Հայրապետին անվանակոչության առիթով շնորհավորելու և իրենց հավատարմության ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերահաստատելու:
Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հանդիսապետությամբ՝ կատարվել է Հայրապետական մաղթանք: Եզրաս Սրբազանը, շնորհավորելով հոգևորականներին, նշել է, որ Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց հիշատակի տոնախմբումն առիթ է անդրադարձ կատարելու պատմական ու դարակազմիկ իրադարձությանը՝ որպես ազգային տոկունության և անսասան հավատքի արտահայտության:
«Պատմական անցյալն օրինակ է մերօրյա դժվարությունների ու մարտահրավերների դեմ միակամ ու միասնական պայքարելու համար՝ հանուն հայ Եկեղեցու անսասանության»,-ասել է Սրբազան Հայրը:
Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր էլ հոգևորականներն, ի գլուխ ունենալով Վեհափառ Հայրապետին, պայքարում են ստի ու կեղծիքի դեմ՝ հանուն ազգային դիմագծի ու արժանապատվության պահպանման:
Թեմի հոգևորականները և երեցկանայք համատեղ հավաքից հետո շնորհավորել են Նորին Սրբությանը անվանակոչության օրվա առիթով՝ մաղթելով, որ Սուրբ Վարդանանց քաջ ու անվախ ոգով Վեհափառ Հայրապետն առաջնորդի աշխարհասփյուռ հայությանը՝ ի բարօրության Մայր Եկեղեցու և նվիրական հայրենիքի:
