Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում և Տիրոջ ողորմած պատասխանը չի ուշանում
Արագածոտնի թեմի հոգևոր դասը, միանձնուհիներն ու հավատավոր զավակները կրկին մեկտեղվել էին միասնական աղոթքի՝ այս անգամ Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Ներկաները միասնաբար աղոթք են բարձրացրել տնային կալանքում հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:
Ընթացս Ժամերգության իր խոսքն է ներկաներին փոխանցել Արուճի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:
Տեր Հայրը հորդորել է հավատացյալներին համբերատար ու անդադար աղոթել՝ վստահեցնելով, որ Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում և Տիրոջ ողորմած պատասխանը չի ուշանում։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով:
Հայր Սուրբը ժամերգության ավարտին ներկաներին փոխանցել է Սրբազան Հոր օրհնությունն ու երախտագիտությունը՝ նշելով, որ Սրբազան Հայրը իր շնորհակալությունը փոխանցել է Սուրբ Պողոս Առաքյալի խոսքերով․ «Ես բանտում էի, և դուք աղոթում էիք ինձ համար»։
Միաժամանակ Հայր Սուրբը փոխանցել է նաև Սրբազան Հոր հորդորը՝ շարունակել աղոթել անազատության մեջ գտնվող հոգևորականների և բոլոր հայորդիների համար։
Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:
Մեծ Պահքի ընթացքում միասնական ժամերգությունները տեղի կունենան ուրբաթ օրերին:
Փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Թալինի տարածաշրջան)։
