25 օրում՝ ավելի քան 5 հազար տուգանք Էրեբունի ԲԿ-ի մոտ կատարված խախտումների համար. վարորդներից կգանձվի 39․3 մլն դրամ
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից տեսանկարահանող միջոցների գործարկումից ի վեր ամեն օր ավելի քան 1.6 մլն դրամի տուգանքի որոշում է կայացվում այդ հատվածում խախտումներ կատարած վարորդների նկատմամբ:
Բժշկական կենտրոն այցելած վարորդները դժգոհում են, որ հիվանդանոցի ավտոկայանատեղի մուտք ու ելք անելիս մեկ օրում միաժամանակ ստացել են 4-5 վարչական ակտ և կորցրել 1-4 տուգանային միավոր: Տուգանքների չափը 4000-ից մինչև 25,000 դրամ է՝ կախված խախտման բնույթից՝ հանդիպակաց հոսքերն իրարից բաժանող գծանշումը հատելուց մինչև հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը: Վարորդների մի մասը պնդում է, որ ձյան հետևանքով ճանապարհային գծանշումները տեսանելի չեն, մյուսներն էլ արձանագրում են, որ տարածքում առկա են տեսանելի ճանապարհային նշաններ, որոնք պարտադրում են վարորդին հիվանդանոցի ավտոկայանատեղիից թեքվել աջ, և քանի որ նախկին կետագծերն այլևս չկան, շրջադարձը կատարել ոչ թե կայանատեղիի դիմացից, այլ Տիտոգրադյան փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկից:
Նշենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 29-ին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ իրազեկելով վարորդներին, որ 2026 թվականի հունվարի 5-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում գործարկվելու է տեսանկարահանող տեխնիկական միջոց: Ոստիկանությունը հիշեցրել էր քաղաքացիներին, որ ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլև դրանց պահպանումից։
Հաշվի առնելով նշված հատվածում կատարված խախտումների հաճախականությունը և տուգանքների թվի աճը՝ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՆԳՆ ոստիկանություն՝ պարզելու, թե 2026 թ. հունվարի 5-ից մինչև 30-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում տեղադրված ՃՈ տեսանկարահանող սարքով իրավախախտման քանի՞ դեպք է արձանագրվել, ՃԵԿ խախտումների հիման վրա վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել, քանի՞ վարորդի նկատմամբ, ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե որքան է կազմում նշված ժամանակահատվածում արձանագրված խախտումների հիման վրա կայացված տուգանքների ընդհանուր չափը: Ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչությունից հայտնել են, որ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում (Տիտոգրադյան փողոց) տեղադրված տեսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով 2026 թվականի հունվարի 5-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 5186 որոշում, իսկ դրանցով նշանակված տուգանքների գումարների ընդհանուր չափը կազմում է 39․305․000 ՀՀ դրամ։
Փաստացի ստացվում է, որ այս հատվածում մեկ օրում կայացվում է միջինը 1,6 մլն դրամի տուգանքի որոշում:
