Եթե Երևանն ու Բաքուն հույս ունեն Վրաստանից խլել ԱՄՆ-ի «առաջին կնոջ» տեղը, ապա ավելի լավ կլինի, որ էյֆորիայի մեջ չընկնեն
Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Թրամփի վարչակազմի ուշադրությունը առայժմ դոզավորված է, ուստի ավելի լավ է չընկնել էյֆորիայի մեջ և չկրկնել նախկին սխալները։ Այս մասին «ՎԶԳԼՅԱԴ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է վրացի փորձագետ Պետրե Մամրաձեն։
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի բանակցությունները Հայաստանում և Ադրբեջանում առայժմ միայն առաջին փորձերն են, որոնցով նրանք ցանկանում են բովանդակությամբ լցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ևս մեկ պատերազմ դադարեցնելու» մասին պերֆորմանսը։ «Թրամփի ուղով» կոնկրետ ուրվագծերը դեռ պետք է գծագրվեն։ Բայց արդեն իսկ լավ է, որ ներկայիս վարչակազմը Հարավային Կովկասի նկատմամբ հակված է պրագմատիզմի՝ ընդդեմ նախորդի կեղծավորության», - նշել է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ «եթե Հայաստանն ու Ադրբեջանը հույս ունեն Վրաստանից խլել Կովկասում Ամերիկայի «առաջին կնոջ» տեղը, ապա ավելի լավ է նրանք էյֆորիայի մեջ չընկնեն»։
«Լավ հիշում եմ 2008 թվականի էյֆորիան Վրաստանում այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ը և նրա նախագահ Ջորջ Բուշ կրտսերն անձամբ մեզ կօգնեն, երբ (Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ) Սաակաշվիլին սանձազերծել է արյունալի ռազմաքաղաքական արկածախնդրությունը։ Այդ էյֆորիան Վրաստանում շատ արագ փոխարինվել է խուճապային տրամադրություններով», – հիշեցրել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Պետրե Մամրաձեն։
«Իհարկե, ԱՄՆ-ն ունի կոնկրետ շահեր։ Օրինակ՝ Հարավային Կովկասի երկրների հետ էներգետիկ համագործակցությունը։ Եվ իհարկե, Ռուսաստանին դա չի կարող չանհանգստացնել։ Ահա թե ինչու եմ ես հորդորում լինել պրագմատիկ, կշռադատել յուրաքանչյուր քայլ և չկրկնել անցյալի սխալները», – նշել է փորձագետը։
«Արդեն իսկ շատ կարևոր է և հուսադրող, որ չկա բայդենյան վարչակազմի հռետորաբանությունը ժողովրդավարական հետընթացի մասին, չկան այդ կեղծավոր երկակի ստանդարտները։ Ինչ վերաբերում է մեծ պրագմատիզմին, կարող եմ առանձնացնել փետրվարի 7-10-ը Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի այցը ԱՄՆ։ Ահա սա է կոնկրետիկան, երբ քննարկվում են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպիսին է, օրինակ, թմրաշրջանառությունը», - ասել է նա։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ցավոտ է ընկալելու ԱՄՆ-ի մեծացած ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ՝ ցանկալի է Վաշինգտոնի հետ հարաբերություններում շատ հստակ ճանապարհային քարտեզ սահմանել։ Ուկրաինայի օրինակով մենք տեսնում ենք, թե ինչ տխուր հետևանքների են հանգեցնում արևմտյան երկրների հետ համագործակցությունից ունեցած չափազանց մեծ սպասումները», - նշել է փորձագետը։
NEWS.am
