Վեդիի ջրամբարի կառուցման ժամկետները հետաձգվում են. կառավարության նոր որոշումը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 12–ի նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020–ի ապրիլի 23-ին ստորագրված թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 3-ի ստորագրման առաջարկությանը։
Հիմնավորմա մեջ նշվում է, որ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հողօգտագործման արտադրողականության բարձրացումը և ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաների ներդրումը կարևոր նախապայմաններ են գյուղական համայնքների տնտեսական զարգացման և դիմակայունության ամրապնդման համար։
Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թվականի ապրիլի 23-ին կնքված «Հայաստան–Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը միտված է վերոնշյալ նպատակների իրագործմանը՝ համատեղելով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, ֆինանսական գործիքների ներդրումը և ներդրումային համապատասխան գործողությունները։
Ծրագրի իրականացման ընթացքում արձանագրվել են մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք էականորեն ազդել են նախատեսված գործողությունների իրականացման ժամանակացույցի վրա։ Ծրագրի գործնական իրականացումը փաստացի մեկնարկել է նախատեսված ժամկետներից ուշ, ինչի հետևանքով կրճատվել է Ծրագրի արդյունավետ իրականացման համար հասանելի ժամանակահատվածը։ Ծրագրի Օպերատորի կողմից միջազգային կարճաժամկետ փորձագետների հավաքագրման, պայմանագրավորման և մոբիլիզացիայի գործընթացները պահանջել են ավելի երկար ժամանակ, քան սկզբնապես նախատեսված էր, ինչը հետաձգել է մի շարք առանցքային վերլուծական և մեթոդաբանական աշխատանքների իրականացումը։
Բացի այդ, ջրային ոլորտում ևս արձանագրվել են օբյեկտիվ խնդիրներ․ երկրորդ օպերատորի պայմանագրային գործընթացը տևել է նախատեսվածից երկար, իսկ թիրախային տարածքներում ոռոգման ջրի սահմանափակ հասանելիությունը խոչընդոտել է դաշտային գործողությունների իրականացմանը։
Ծրագրի հաջող իրականացման առանցքային նախապայմաններից առանձնակի կարևոր է Վեդիի ջրամբարի կառուցումը, որի միջոցով ՀՀ Արարատի մարզի թիրախային տարածքներում կապահովվի ոռոգման ներտնտեսային ցանցի ճնշմամբ ջրամատակարարումը։
Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ձգձգումը և համապատասխան ենթակառուցվածքների ոչ լիարժեք գործարկումն էական խոչընդոտ են հանդիսացել ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման, ցուցադրական տարածքների ստեղծման և ֆերմերների ներդրումային ակտիվության խթանման համար։
Վերոնշյալ պայմաններում առաջարկվում է փոփոխություն կատարել համաձայնագրում, որով նախատեսվում է Ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2027–ի դեկտեմբերի 19-ը, իսկ մասհանումների վերջնաժամկետը՝ մինչև 2028 թվականի մարտի 31-ը։
