4 հնարավոր քայլ՝ Ուկրաինայի կողմից
Եվրամիությունը մշակում է Ուկրաինան արագացված կարգով իր կազմ ներառելու պլանը՝ գրում է Politico-ն։ Այն կոչել են «հետադարձ ընդլայնում»։ ԵՄ-ն Ուկրաինայի համար կարող է հետեւյալ 4 քայլը կատարել․ 1-ին քայլով Եվրամիությունը կարող է Ուկրաինային նախնական աջակցություն ցուցաբերել՝ ոչ պաշտոնական ցուցումների տեսքով։ Դա կարվի իրավական միջոցառումների հարցով բանակցությունների ընթացքում։ ԵՄ եւ Ուկրաինայի ներկայացուցիչներն արդեն իսկ քննարկումներ են անցկացրել 6 հնարավոր ցուցումներից 3-ի վերաբերյալ, իսկ մարտին կայանալիք հաջորդ քննարկմանը մտադիր են շարունակել օրակարգը։ Հայտնի է, որ Եվրամիությունը բարեփոխումների որակական բաղադրիչի մասով զիջումների գնալ չի պատրաստվում։ 2-րդ քայլով հնարավոր է՝ ԵՄ անդամակցության պարզեցված մոդել ստեղծվի։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է մի քանի տարբերակ, որոնցից մեկը` հետադարձ ընդլայնումը, կօգնի փոխելու ԵՄ անդամակցության ընդունված կանոնները։
Ըստ դրա, նախ երկիրն անդամակցում է Միությանը, հետո արդեն աստիճանաբար տրամադրվում են իրավունքներն ու պարտականությունները։ Այսկերպ Բրյուսելը փորձելու է կարգավորել այն երկրների անդամակցության հարցը, որոնք չեն կարող դառնալ ԵՄ անդամ՝ կա՛մ հակամարտությունների, կա՛մ էլ արդեն ԵՄ անդամ որեւէ երկրի հակազդեցության պատճառով։
3-րդ քայլը վերաբերում է ԵՄ կազմում Հունգարիայի դիրքորոշմանը։ Որոշ եվրոպացի գործիչներ հույս ունեն, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջիկա ընտրություններում կարող է պարտվել, եւ այնպիսի ղեկավար կգա, որն ավելի մեղմ կեցվածք ունի Ուկրաինայի հարցում։ Սակայն չի բացառվում նաեւ, որ Վաշինգտոնի օգնությանը դիմելով՝ Բրյուսելը ճնշում գործադրի Օրբանի վրա։ Հատկապես որ Ռուսաստանի հետ կապված սանկցիոն ճնշման հարցում արդեն Բրյուսել-Վաշինգտոն նման գործակցության եւ Օրբանի վրա համատեղ ճնշում գործադրելու նախադեպ կա։ Եվ 4-րդ քայլով` չի բացառվում, որ Հունգարիային զրկեն ձայնի իրավունքից՝ ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածը գործի դնելով, որն ամենալուրջ քաղաքական սանկցիան է, կիրառվում է այն դեպքում, երբ կա կասկած, որ ԵՄ անդամ երկիրը խախտում է Միության արժեքային բազան։ Եթե Օրբանը հաղթի ընտրություններում, այս հարցը կքննարկվի Բրյուսելում։
hraparak.am
