Ինձ չի լքում դեժավյուի զգացումը. Մենք մոռացե՞լ ենք սա. Արման Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ կից գրելով. «Իհարկե, բավական «հետաքրքիր» է դիտել, թե ինչպես հերթական «սպիտակ փրկիչը», որը դժվարությամբ է անգամ ճիշտ արտաբերում մեր երկրի անունը, գալիս է Հայաստան՝ «փրկելու դժբախտ հայերին»։
Սակայն ինձ չի լքում դեժավյուի զգացումը։
Մեր պատմության մեջ սա արդեն եղել է։
Արևմտյան տարբեր էմիսարներ եկել են բարձրագոչ խոստումներով՝ ներդրումներ, զենք, անվտանգություն, «անսահման սեր հայերի նկատմամբ»։
Եվ ամեն անգամ ավարտը եղել է նույնը՝ կանխատեսելի և ողբերգական. այդ բոլոր «փրկիչները», ի վերջո, եղել են Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցներ։
Իսկ նրանց«փրկարարական» քայլերից հետո զարմանալիորեն կարճ ժամանակում կրճատվել են թե՛ Հայաստանի տարածքը, թե՛ Հարավային Կովկասում հայ բնակչության թիվը։
Մենք մոռացե՞լ ենք սա։
Թե՞ մեզ նպատակաուղղված սովորեցնում են մոռանալ։
Մեծ հավանականությամբ այսօր «Հայաստանի փրկություն» անվան տակ ներկայացվող այս ամբողջ ֆարսը վերջում վերածվելու է գործող իշխանությունների փրկության՝ ընտրություններում, և դա՝ Հայաստանի պետականության հաշվին, սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ապամոնտաժմանը։
…
Գրեթե հարյուր տարի առաջ Հայաստանն իսկապես փրկվեց մի հրաշքով։
Բայց այդ հրաշքը ծնվեց ոչ թե «ընկերների» ողորմությունից, ոչ թե դիվանագիտական ժպիտներից և ոչ էլ ազգային, հիմնարար շահերի հանձնման արդյունքում։
Այդ հրաշքը ծնվեց հայ ժողովրդի անհաշտ պայքարից՝ թուրքերի դեմ, դավաճանությունների դեմ և արտաքին թելադրանքի դեմ։
Պատմությունը պետք է հիշել։
Պատմությունը պետք է հասկանալ։
Եվ պատմությունը պետք է սիրել ոչ թե պաթոսի համար, այլ գոյատևելու համար»։
