Bloomberg. ԱՄՆ-ն 9 մլրդ դոլար կներդնի Հայաստանի ատոմային էներգետիկայում՝ երկրի կախվածությունը ՌԴ–ից նվազեցնելու համար
Միացյալ Նահանգները մինչև 9 միլիարդ դոլար կներդնի Հայաստանի քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման մեջ՝ օգնելու երկրին նվազեցնել Ռուսաստանից իր երկարատև էներգետիկ կախվածությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը՝ Վաշինգտոնի և Երևանի միջև քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո: «Սա ներկայացնում է Միացյալ Նահանգներից մինչև 5 միլիարդ դոլարի նախնական արտահանում, գումարած 4 միլիարդ դոլարի լրացուցիչ երկարաժամկետ աջակցություն», - ասել է նա Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Bloomberg-ի տվյալներով՝ համաձայնագիրը սահմանում է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների, վառելիքի և ծառայությունների արտահանման իրավական շրջանակ: Այն բացում է դռներ ամերիկյան ընկերությունների համար՝ մասնակցելու խորհրդային ժամանակաշրջանում կառուցված և Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը ապահովող հնացող Մեծամորի ատոմակայանը ժամանակակից փոքր մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախագծին: Վենսը ընդգծեց, որ համագործակցության այս ձևաչափը ամրապնդում է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և ստեղծում նոր աշխատատեղեր:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնագիրը «նոր էջ» է բացում ԱՄՆ-ի և Հայաստանի էներգետիկ հարաբերություններում և կբազմազանեցնի երկրի էներգետիկ հաշվեկշիռը՝ անվտանգ և նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
ԽՍՀՄ փլուզումից ի վեր Հայաստանը էներգիայի առումով կախված է մնացել Մոսկվայից։ Մեծամորի ատոմակայանը կառավարվում է ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից, իսկ կայանի միջուկային վառելիքը մատակարարվում է Ռուսաստանից։ Գործակալությունը հայտնում է, որ Վենսի՝ Երևան այցի նախօրեին «Ռոսատոմի» ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ առաջարկելով «համապարփակ համագործակցություն» ատոմային էներգիայի ոլորտում։
Միևնույն ժամանակ, Փաշինյանի կառավարությունը ավելի ու ավելի է ազդարարում արևմտյան միջուկային տեխնոլոգիաներին անցնելու իր մտադրության մասին՝ հղում անելով դիվերսիֆիկացման և էներգետիկ ինքնիշխանության ցանկությանը։ Ինչպես ընդգծում է «Բլումբերգը», հայ պաշտոնյաները այս ընտրությունը համարում են ռազմավարական, այլ ոչ թե միայն առևտրային։
Գործակալությունը նշում է, որ միջուկային համաձայնագիրը ԱՄՆ ջանքերի մի մասն է՝ ամրապնդելու իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև գտնվող տարածաշրջանում՝ տարածաշրջանային դաշինքների վերափոխման ֆոնին։ Վաշինգտոնն ու Երևանը նաև ընդլայնում են պաշտպանական համագործակցությունը. Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ստացել է 11 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ։
Երեքշաբթի՝ փետրվարի 10-ին, Վենսը կայցելի Բաքու, որտեղ, ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները կքննարկեն պաշտպանական և էներգետիկ համագործակցության հարցեր։
