Ի՞նչ առանցքային բան է ասել ԱՄՆ փոխնախագահը Վենսը
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր էջում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի այցին. «Ի՞նչ առանցքային բան է ասել ԱՄՆ փոխնախագահը Վենսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Իհարկե, այստեղ մոտեցումները թերեւս զգալիորեն պայմանավորված են ճաշակով, այսինքն քաղաքական հայացքներով: Նիկոլ Փաշինյանի համակիրների եւ «երդվյալ արեւմտականների» համար Վենսի գալուստը եւ խոսքերը, եթե աստվածային չէին, ապա՝ կիսաստվածային էին:
Գործնականում, հայտարարություններում ընդհանուր դիտարկելի տարբեր դրույթներով հանդերձ, ԱՄՆ փոխնախագահի այցի առանցքը հետեւյալ միտքն է, որ մեջբերում եմ Առավոտի իմ գործընկերների հրապարակած նյութից. «Իհարկե, ԱՄՆ-ն դրական ու կառուցողական դեր է խաղում, բայց իմ կարծիքով փողը չէ խնդիրը։ Շատ հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն կա աշխարհով մեկ, մարդիկ համոզված են, որ կարող են Հայաստանում ներդնելով՝ բավականին շահույթ ստանալ։ Այստեղ հիմնական հարցն է, թե ինչպես ենք խաղաղության հաստատումը հետագա հաջորդ փուլ հասցնելու, որ գանք մի իրավիճակի, որ պարոն վարչապետը կարողանա ապագայի վրա կենտրոնանալ։ Գիտենք, այստեղ ընտրություններն են օրակարգում շուտով, նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն հաստատել։ Մեկ գիշերվա մեջ չի լինելու, բայց կարող ենք ասել՝ օգոստոսի 8-ից մինչ օրս շատ մեծ առաջընթաց արդեն արձանագրել ենք»:
Հատկապես ուշադրություն եմ հրավիրում հետեւյալ նախադասության վրա՝ «Շատ հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն կա աշխարհով մեկ, մարդիկ համոզված են, որ կարող են Հայաստանում ներդնելով՝ բավականին շահույթ ստանալ։ Այստեղ հիմնական հարցն է, թե ինչպես ենք խաղաղության հաստատումը հետագա հաջորդ փուլ հասցնելու, որ գանք մի իրավիճակի, որ պարոն վարչապետը կարողանա ապագայի վրա կենտրոնանալ»:
Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը անելիք ունի «խաղաղության համար», ասում է Ջեյ Դի Վենսը, եւ շռայլ խոսքերը՝ տեխնոլոգիաների ու ներդրումների մասին, միայն այդ անելիքից հետո:
Ի՞նչն է անելիքը: Սա է մտածելիքը»:
