Նիկոլ Փաշինյանի և Ջեյ Դի Վենսի դեմ առ դեմ հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով
Նախագահականում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դեմ առ դեմ հանդիպումը, որից հետո այն կշարունակվի ընդլայնված կազմով:
Հայկական կողմից ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտաքին հարաբերությունների վարչության պետ Կարեն Գասպարյանը, ինչպես նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ամերիկյան կողմից մասնակցում են՝ փոխնախագահի աշխատակազմի ղեկավար Ջեյքոբ Ռիզեսը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնդրյու Բեյքերը, պետքարտուղարի տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը, Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը, փոխնախագահի եվրոպական և ռուսական հարցերով հատուկ խորհրդական Էնդրյու Լումիսը, խաղաղության առաքելությունների գծով ավագ խորհրդական, հատուկ դեսպանորդ Արյե Լայթսթոունը և գործերի ժամանակավոր հավատարմատար, Հայաստանում ԱՄՆ առաքելության ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Ալենը:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ ԱՄՆ փոխնախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
