Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն
Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը վերադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ նրան տնային կալանքի տակ պահելու այսօրվա որոշումից հետո, ArmeniaSputnik-ին հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Ինչպես հայտնի է, Շիրակի թեմի առաջնորդը տնային կալանքը կրելու է Գյումրիում, իսկ ստացիոնար բուժման եթե անհրաժեշտ լինի, ապա՝ հիվանդանոցում։ Սրբազանին նախատեսում են կրկին վիրահատել։
Հիշեցնենք՝ դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց՝ փոխելով խափանման միջոցը։ Դատարանը կիրառեց սահմանափակումներ՝ հեռախոսային խոսակցությունների համար, միևնույն ժամանակ, դատարանը թույլատրեց շփումները՝ թեմից մեկ հոգևորականի, մերձավոր ազգականների և բժիշկի հետ։ Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Միքայել Աաջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Մեղադրվում էր «զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար»։
