Լրատվամիջոցներին դասեր տալով՝ բարոյականության դեֆիցիտը հնարավոր չէ լրացնել
Լրատվամիջոցներին դասեր տալով՝ բարոյականության դեֆիցիտը հնարավոր չէ լրացնել
Հունվարի 29-ի մամուլի ասուլիսում լրագրողը հետևյալ հարցն է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Օրվա իշխանության հակաեկեղեցական, հոգևորականների դեմ այս արշավը երեկ հասավ ԵԽԽՎ, ԱԳ նախարարը հայտարարեց, որ հոգևորկանները բռնի ուզում էին վերցնել իշխանությունը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս հայտարարություններում, և ըստ Ձեզ, ինչի՞ համար են արվում նման ամբիոններից»։
Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր․ լուրջ մեղադրել, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է։ Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա, և տպավորությունն այնպիսին է, որ այդ, կոպիտ ասած, «կապռեմոնտի» տրամաբանության մեջ է մտցրել եկեղեցին, որ՝ կարելի է մտնել, փոխել և անձնական օգտագործման եկեղեցի ունենալ։ Սա՛ է նպատակը»։
Մի քանի օր անց՝ փետրվարի 4-ին, արտգործնախարարությունը պաշտոնական, շեշտում եմ, պաշտոնական ֆեյսբուքյան էջում մի գրառում է հրապարակում, որը դժվար է բնութագրել, թե ինչ է, բայց հաստատ՝ «պաշտոնական հաղորդագրություն» համարել հնարավոր չէ։ Իհարկե՝ ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանի, իր ղեկավարի գուցե կամ իր ենթակաների գրառումը, անգամ ՀՀ պաշտոնական հարթակում հրապարակվածը, այնուամենայնիվ կխուսափենք ուղիղ մեջբերելուց․ ընդհանուր առմամբ հետևյալն է․ ոչ նիկոլական մամուլին մեղադրում են աչառու լինելու մեջ։ Պարզվում է՝ 16 լրատվամիջոց, այդ թվում Yerevan.Today-ը անաչառ չենք, քանի որ, ուշադրություն՝ չենք հետևում ԱՄ-ի անձնականացված մունաթներին, լուրջ չենք վերաբերվում ԱՄ-ի անձնական ֆեյսբուքյան էջում գրածներին և ինչ խելքին փչել-գրել է՝ չենք հրապարակում մեր կայքերում։
Ու երևի տեսնելով, որ իր ֆեյսբուքյան գրառումը մի քանի օր շարունակ տարածում չի ստանում ազատ լրատվամիջոցներում, այլ միայն՝ նիկոլական «անաչառներում» է տեղադրվում, դրա մոտիվներով մի մունաթ նյութ էլ, նույն ոճի ու բառամթերքի որակով, որոշում են ստեղծագործել ԱԳ նախարարության ֆեյսբուքնան պաշտոնական էջում։
Եթե փորձենք ԱԳՆ հայտարարությունից ու ԱՄ-ի գրառումից իմաստ քաղել, ինչը, անկեղծ ասենք, չափազանց բարդ էր, կստացվի՝ ԱՄ-ն ԵԽԽՎ ամբիոնից եկեղեցուն ու հոգևորականներին չի մեղադրել իշխանությունը զավթելու փորձերի մեջ։
Եվ ուրեմն, ի՞նչ է ասել Արարատը ԵԽԽՎ նստաշրջանում։ Հունվարի 28-ին այդ կառույցում բրիտանական Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը հարցնում է Հայաստանում մեծ թվով եպիսկոպոսների ձերբակալության մասին և ասում, որ ժողովրդավարական, կրոնական ազատությունների, իրավունքների և խոսքի ազատության իրավունքի սկզբունքների համաձայն պետք է գործի Եվրոպայի խորհրդի ամեն անդամ։
ԱՄ-ը, նիկոլական «լավագույն ավանդույթներով», ասում է, թե դա բամբասանք է, Հայաստանում հալածանք չկա հոգևորականների, ուղղակի Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են արել ժողովրդավար եղանակով ընտրված իրենց ձեռքից բռնի կերպով խլել իշխանությունը, սպանել նրա ներկայացուցիչներին, այդ թվում՝ ԱՄ-ին։ «Սա շատ տխուր իրականություն է այս պահին Հայաստանում, որ ունենք հոգևորականներ, որ սա արել են»,- ասում է ԱՄ-ը։
Իր տեսանկյունից, իրենք եկեղեցու դեմ չեն աշխատում։ Սուտ է ասում, անգամ այդ միջազգային ամբիոնից։ ԱՄ-ին հարց ուղղած բրիտանացի պատգամավորը խոսում է եպիսկոպոսների դեմ հալածանքների մասին։ ԱՄ-ն ասում է՝ հոգևորականներ կային, որ ուզում էին իրեն սպանել։ Ովքե՞ր են նրանք, չի ասում․ իր հիշատակած քրգործը՝ հայտնի թքած-կպցրած իբր հեղաշրջման պլանը, հայտնի է, որ տարբեր տեղերից կտրած-կպցրած ձայնագրությունների հավաքածու է։ Անգամ այդ խայտառակության միջով (քրգործ դժվար է անվանել), անցնում են Բագրատ արքեպիսկոպոսը և Հրայր սարկավագը։ Հայաստանում երկու հոգևորակա՞ն է քրեական-քաղաքական հետապնդման ենթարկվում։ Ո՛չ։ Գուցե Միքայել սրբազա՞նն է անցնում իրեն սպանելու կոչով։ Ո՛չ։ Իսկ Արշակ սրբազա՞նը։ Իսկ ի՞նչ կասեք Մկրտիչ սրբազանի մասին։ Իսկ Գարեգին Վեհափառի եղբոր ու նրա որդու մասով, ի՞նչ էր, չեք էլ հիշում, վստահ եմ, որովհետև ոչ մեկիդ համար կարևոր էլ չէ․ Նիկոլն է այդպես ցանկացել, ձեզ համար հերիք է։
Բա ո՞նց դարձավ, որ նրանք բոլորը ուզում էին սպանելով խլել իշխանությունը «լեգիտիմ» ՔՊ-ից։
Իսկ սրա՞նք․ մի քանի օր առաջ, «անսպասելի» քրգործեր հարուցվեցին միանգամից 7 հոգևորականների նկատմամբ, խափանման միջոց կիրառվեց, ափալ-թափալ՝ ելքը երկրից արգելվեց․ 7-ից 2-ը արքեպիսկոպոս են, 4-ը եպիսկոպոս, 1-ը՝ քահանա։ Ի՞նչ գործի շրջանակներում են Նաթան արքեպիսկոպոսի, Հայկազուն արքեպիսկոպոսի, Հովնան եպիսկոպոսի, Մակար եպիսկոպոսի, Մուշեղ եպիսկոպոսի, Վահան Եպիսկոպոսի, Մովսես քահանայի նկատմամբ քրգործ հարուցվել, ԱՄ-ին սպանելու կոչերի՞։ Սա էլ չեք հիշի, վստահ եմ, կարևոր չէ, չէ՞։
Հիմա ասում եք՝ մենք չենք պայքարում հայոց եկեղեցու դեմ, պայքարում ենք առանձին հոգևորականների դեմ․ հատկապես այն հոգևորականները, որոնք Նիկոլի թրի տակով համաձայն չեն անցնել, պարզվում է՝ հանցագործ են, իսկ այն հոգևորականները, որոնք գուցե հանցագործ են, բայց անցնում են Նիկոլի թրի տակով, ՔՊ-ի մերօրյա սրբեր են հռչակված և հանձնառու են «բարենորոգել» հայոց եկեղեցին։ Ուզում եմ հասկանալ․ որ եվրոպացիքի աչքների մեջ նայելով նիկոլական «լավագույն ավանդույթներով» խաբում եք, մե՞զ ինչ եք ուզում համոզել․ որ արդա՞ր եք ձեր մղումներում և ճշտախո՞ս եք, մենք ենք աչառո՞ւ։
Որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու ցուցումով եկեղեցու դեմ արշավ են անում, ցավոք, հենց մեր իրականությունն է, անգամ ապացուցելու կարիք չունի, ընդամենը տեսեք ամիսներ շարունակ իր գրեթե ամենօրյա գրառումներն ու տեսանյութերը, իսկ ԱՄ արդարացումները, անբարոյականություն համարում է, ոչ միայն Քոչարյանը, այլև, վստահ եմ, հասարակության մեծամասնությունը։
Հ․Գ․ Պատկերի իմաստը, զուտ ուշադրության համար, գուցե նաև հիշեցման, որ ազգովի «չշշկռեցին», հավատացին, արդյունքում պատերազմում պարտություն, հազարավոր զոհեր և վիրավորներ, խեղված ճակատագրեր, 150․000 փախստական, կորսված Արցախ ու դեռ որևէ բանից խոսող՝ նույն իշխանություն։
Սևակ Հակոբյան
yerevan.today
