Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Պետական կառավարման համակարգում աշխատողների աշխարհայացքը վաղուց այլևս զուտ անձնական հարց չէ։ Այն ուղղակիորեն ներգործում է պետական որոշումների լեզվի, արժեքային ուղղորդման և հանրային վստահության ձևավորման վրա։ Հայաստանում մշտապես հնչում է այն դիտարկումը, որ պետական ապարատում աշխատողների զգալի մասն իրեն չի նույնացնում քրիստոնեական աշխարհընկալման հետ։ Սա ինքնին ո՛չ դատավճիռ է և ո՛չ էլ մեղադրանք, սակայն ունի խորքային պատճառներ, որոնց անտեսումը մեզ զրկում է պետական կառավարման համակարգի ճգնաժամերը հասկանալու հնարավորությունից։ Այս իրողության արտառոց դրսևորումներից մեկը իշխանությունների պայքարն է Եկեղեցու դեմ:

Իշխանություն–Եկեղեցի հարաբերությունների շուրջ զարգացումները և քննարկումները վաղուց դուրս են եկել գաղափարական դաշտից և տեղափոխվել իրավական ու վարչական հարթություն՝ ներգրավելով դատարանները և պետական տարբեր մարմիններ։ Այստեղ ակնհայտ է դառնում այն օրինաչափությունը, որ այս երկարատև պայքարի հիմնական շարժառիթը իշխանության ինքնավերարտադրման ապահովումն է ու ինքնապաշտպանությունը, այլ ոչ սահմանադրական հավասարակշռության պահպանումը։ Երբ սահմանադրական առումով նուրբ հարցերը երկար ժամանակ մնում են առանց հստակ իրավական գնահատականի, լռությունն ինքն է դառնում դիրքորոշում։ Երբ քաղաքացու կամ հոգևորականի հարցը մտնում է դատական քննության փուլ, հաճախ ի հայտ է գալիս մի վտանգավոր երևույթ։ Պետական տարբեր կառույցներ, որոնք կոչված են միմյանց զսպելու և վերահսկելու, փաստացի միավորվում են մեկ պաշտպանական շղթայի մեջ։ Այդ համագործակցությունը, սակայն, ուղղված չէ քաղաքացու կամ հոգևորականի իրավունքների պաշտպանությանը, այլ համակարգի ինքնապահպանմանը։ Այս պահին պետությունը դադարում է հանդես գալ որպես չեզոք դատավոր և վերածվում է քաղաքացու հակառակ կողմի։


Այս երևույթի ակունքներից մեկը խորհրդային ժառանգությունն է։ Հայաստանի պետական կառավարման մշակույթը ձևավորվել է աշխարհիկության ոչ թե հավասարակշռված, այլ գաղափարականացված մոդելի պայմաններում, որտեղ կրոնը ընկալվել է որպես անցյալի մնացորդ, ոչ թե որպես բարոյական ու մշակութային հենասյուն։ Այդ մտածողությունը տարիների ընթացքում փոխանցվել է սերունդներին ոչ միայն կրթական համակարգով, այլ նաև կադրային քաղաքականությամբ՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ հավատքը դիտվել է որպես անձնական թուլություն, այլ ոչ արժեքային ուժ։ Այս մոդելի մեջ պետական ծառայողը սովորել է գործել առանց ներքին արժեքային հենքի՝ հենվելով բացառապես ընթացակարգի և ձևի վրա։

Ժամանակի ընթացքում այս միջավայրին ավելացել է ինստիտուցիոնալ հիասթափությունը։

Պետական համակարգում երկար տարիներ աշխատող մարդը հաճախ բախվում է խոստումների չկատարմանը, ընտրովի արդարադատությանը, պատասխանատվության բացակայությանը։ Երբ մարդը տեսնում է, որ համակարգը փաստացի չի առաջնորդվում ճշմարտության, արդարության և խղճի սկզբունքներով, նրա համար դժվար է պահպանել հավատը ոչ միայն պետության, այլև, ընդհանրապես, արժեքների իմաստի նկատմամբ։ Այս պայմաններում աթեիզմը երբեմն դառնում է ոչ թե գիտակցված գաղափարական դիրքորոշում, այլ հոգեբանական պաշտպանական արձագանք՝ հիասթափությունից խուսափելու համար։

Կա նաև հավատքի աղավաղված ընկալման խնդիրը։ Շատ պետական ծառայողների համար հավատքը նույնացվում է կա՛մ ծեսի, կա՛մ ինստիտուցիոնալ Եկեղեցու մարդկային թերությունների հետ։ Երբ հանրային մտածողության և ընկալման մեջ հավատքը ներկայացվում է կամ չափազանց իդեալականացված կամ կոպտորեն նսեմացված ձևով, բացակայում է դրա էթիկական և մարդաբանական խորքային ընկալումը։ Արդյունքում մարդիկ մերժում են ոչ թե հավատքը՝ որպես այդպիսին, այլ դրա աղավաղված ներկայացումը։


Այս ամենին գումարվում է կարիերիստական մտածողությունը, որը հաճախ գերակայում է պետական կառավարման համակարգում։ Հավատքը ենթադրում է ներքին սահմաններ, պատասխանատվություն, որոշ «չեմ կարող»-ներ։ Իսկ մի համակարգ, որը առավելապես գնահատում է հարմարվողականությունը, լռությունը և ճկունությունը, ակամայից խրախուսում է արժեքային չեզոքությունը կամ արժեքների բացակայությունը։ Այդ միջավայրում աթեիստական դիրքորոշումը հաճախ ընկալվում է որպես անվտանգ ու հարմարավետ։

Այստեղ կարևոր է կրթական գործոնը։ Հանրակրթական և բուհական համակարգերում աշխարհայացքային դաստիարակությունը կա՛մ բացակայում է, կա՛մ սահմանափակվում է ձևական տեղեկատվությամբ։ Քրիստոնեությունը ներկայացվում է հիմնականում որպես պատմական կամ մշակութային փաստ, այլ ոչ թե որպես կենդանի բարոյական համակարգ։ Արդյունքում պետական ծառայության ոլորտ մուտք գործող երիտասարդ մասնագետը չունի այն ներքին լեզուն, որով կկարողանար իր մասնագիտական պատասխանատվությունը կապել խղճի հետ։ Այս բոլոր գործոնների հետևանքով պետական կառավարման համակարգում ձևավորվում է արժեքային դատարկություն։ Երբ հավատքը դուրս է մղվում ոչ միայն անձնական կյանքից, այլ նաև հանրային ծառայության էթիկայից, այն հաճախ փոխարինվում է դատարկ իրավական ձևականությամբ կամ կարճաժամկետ շահի հաշվարկով։ Սա խնդիր է ոչ թե միայն հավատացյալների, այլ ամբողջ հասարակության համար։

Քրիստոնեական աշխարհընկալումը պետական կառավարման մեջ չի նշանակում կրոնական պետություն։ Այն նշանակում է ծառայության գիտակցում, մարդու արժանապատվության առաջնայնություն և պատասխանատվություն ոչ միայն օրենքի, այլ նաև խղճի առաջ։ Ի տարբերություն աթեիստական աշխարհընկալման, քրիստոնեական մոդելի հիմքում ընկած է Սուրբ Հոգու ներկայությունը՝ որպես երրորդ Աստվածային Անձ։ Սուրբ Հոգին չի ստիպում և չի պարտադրում, բայց լուսավորում է խիղճը, սրում է ճշմարտության զգացումը և հիշեցնում պատասխանատվության իրական չափը։ Երբ այս աստվածային շփումը գիտակցորեն անտեսվում է, որոշումը զրկվում է իր բարոյական ուղղորդումից և դառնում է մաքուր հաշվարկ։ Հաջորդ օղակը մարդու հոգևոր տարածքն է՝ այն ներքին աշխարհը, որտեղ ձևավորվում են արժեքները, մտադրությունները և ընտրության սկզբնական շարժառիթները։ Այստեղ է որոշվում՝ արդյոք որոշումը ծնվում է ծառայելու, թե ինքնապաշտպանվելու, արդյոք այն ուղղված է մարդուն պաշտպանելուն, թե համակարգը պահպանելուն։

Այնուհետև որոշումը անցնում է հոգևոր-բանական շերտ՝ այն, ինչ կարելի է անվանել «հոգևոր ուղեղ»։ Այստեղ արժեքները վերածվում են ներքին բանական դատողության. ինչն է արդար, ինչն՝ անթույլատրելի, ինչն է օրինական, բայց անարդար։ Սա այն փուլն է, որտեղ խիղճը դեռ կարող է կանգնեցնել մարդուն՝ մինչև իրավական ձևակերպումները սկսվեն։ Միայն հետո է գործի դրվում ֆիզիկական ուղեղը՝ իրավական, վարչական և տեխնիկական վերլուծությամբ։ Այստեղ որոշումը ստանում է իր լեզուն՝ օրենքի հոդված, կարգ, ընթացակարգ, թվեր և ձևակերպումներ։ Սակայն եթե այս փուլը գործում է առանց նախորդ արժեքային օղակների, իրավական ճշգրտությունը կարող է դառնալ անարդարության գործիք։ Ֆիզիկական մարմինը կատարում է վերջնական գործողությունը՝ ստորագրում, հրամանագրում, հրապարակում։ Այս պահին որոշումը արդեն ունի իր հետևանքները մարդկանց կյանքի վրա։ Սակայն պատասխանատվությունը չի սկսվում այս պահին և չի ավարտվում այստեղ։ Վերջին օղակը շրջակա մշակութային և հանրային միջավայրն է, որտեղ որոշումը արձագանք է գտնում։ Այն ձևավորում է կա՛մ վստահություն պետության հանդեպ, կա՛մ հիասթափություն և օտարում։ Պետական որոշումները դաստիարակում են հասարակությանը՝ կա՛մ արդարության, կա՛մ անվստահության ուղղությամբ։ Այս շղթայի գիտակցումը պետական ծառայողի համար պարտադիր հավատաքարոզ չէ։ Դա պատասխանատվության քարտեզ է։

Քրիստոնեության ընկալման համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ Սուրբ Հոգին գործում է ոչ թե մարդու ֆիզիկական կամ տրամաբանական մակարդակում, այլ նրա հոգևոր տարածքում։ Այդ ներգործությունը մարդու անձնավորված հոգում ձևավորում է ներքին զգայունություն՝ տարբերակելու արդարը անարդարից, ճշմարտությունը՝ կեղծիքից։ Խիղճն այստեղ հանդես է գալիս որպես «հոգևոր ընկալիչ». այն առաջինն է արձագանքում խախտմանը, նույնիսկ այն ժամանակ, երբ իրավական կամ տրամաբանական հիմնավորումները թույլ են տալիս արդարացնել որոշումը։ Քրիստոնեական ընկալմամբ խիղճը մարդու մեջ գործող կենդանի վկան է, որի միջոցով Սուրբ Հոգին խոսում է մարդու էության հետ։ Այն չի պարտադրում որոշում, բայց թույլ չի տալիս լիովին արդարացնել անարդարը։ Երբ խիղճը արհամարհվում կամ լռեցվում է երկար ժամանակ, մարդը կարող է շարունակել գործել օրինական, բայց դադարում է գործել արդար։ Քրիստոնեական մոդելը հիշեցնում է, որ ցանկացած որոշում սկսվում է ոչ թե աշխատասենյակից, այլ խղճից։ Իսկ պետությունը միայն այն ժամանակ կարող է լինել ուժեղ ու վստահելի, երբ որոշումները ծնվում են Սուրբ Հոգուց լուսավորված խղճի ճանապարհով և միայն հետո դառնում օրենք ու կարգ։

Պետական որոշում կայացնելը երբեք զուտ տեխնիկական գործողություն չէ։ Ցանկացած դատական ակտ, նախարարական հրաման կամ վարչական որոշում նախ ծնվում է մարդու ներսում՝ դեռ մինչև օրենքի լեզվով ձևակերպվելը։ Դատավորի համար գործը սկսվում է ոչ թե դատավարական նյութից, այլ խղճի առաջ կանգնելուց։ Եթե այդ փուլում խիղճը լռեցվում է համակարգային հարմարավետության համար, ապա հետագա իրավական հիմնավորումները հաճախ վերածվում են ձևական պաշտպանության մեխանիզմի։ Նույն պատասխանատվությունն ունի նաև նախարարը կամ ցանկացած այլ որոշում ընդունողը, երբ ստորագրում է մի հրաման, որն օրինական է, բայց մարդկանց զրկում է կյանքի և աշխատանքի հնարավորությունից։ Պետական ծառայողն էլ, որը սահմանափակվում է «այսպես է կարգը» արտահայտությամբ, իրականում կատարում է ոչ միայն տեխնիկական, այլ բարոյական ընտրություն։ Այսպես խիղճը դառնում է այն ներքին սահմանը, որը բաժանում է օրինական իշխանությունը արդար իշխանությունից։ Երբ այդ սահմանը անտեսվում է, պետությունն աստիճանաբար դադարում է լինել ընդհանուր համակեցության միջավայր ստեղծող և վերածվում է ինքնապաշտպանվող համակարգի։

Այս փորձառությունը ծնում է ոչ թե իրավական վստահություն, այլ խորքային օտարում։ Քաղաքացու գիտակցության մեջ պետությունը այլևս չի ընկալվում որպես արդարության երաշխավոր, այլ որպես փակ մեխանիզմ։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենավտանգավորը՝ պետության նկատմամբ կուտակվող թշնամանքը, որը ծնվում է ոչ թե ատելությունից, այլ երկարատև անարդարությունից։ Երբ պետությունն այլևս չի լսում, քաղաքացին դադարում է հավատալ։ Պետությունը կարող է կրկին լինել ուժեղ և վստահելի միայն այն դեպքում, երբ կհամարձակվի իր որոշումները դարձնել ոչ միայն օրինական, այլ նաև արդար՝ խղճի լուսավորությամբ։ Առանց այդ ներքին հենարանի նույնիսկ ամենակատարյալ օրենքը դատարկվում է բովանդակությունից։ Իսկ պետությունը, որը կորցնում է իր արժեքային հիմքը, դժվար է կարողանում պաշտպանել ոչ միայն քաղաքացուն, այլ նաև ինքն իրեն։ Պետությունն ավելի ուժեղ և վստահելի կդառնա այն ժամանակ, երբ իր բոլոր որոշումները կսկսվեն խղճի լույսից, այլ ոչ միայն օրենքի տառից։ Երբ արդարությունը դառնում է ներքին պարտավորություն, ոչ թե արտաքին պահանջ, հասարակությունը վերադառնում է իր բնականոն համակեցության միջավայր, իսկ պետությունը դառնում է ոչ միայն կարգի պահպանող, այլ նաև արժանապատվության և հավատարմության երաշխավորը։ Իսկ յուրաքանչյուր պետական ծառայող, ով ընդունում է այս սկզբունքը, ոչ միայն իր ներքին ամբողջականությունն է պահպանում, այլ նաև մեծ ներդրում ունի այն պետության մեջ, որը կարող է լինել իր քաղաքացիների վստահելի ու իրավապաշտպան հենարանը։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

դիտվել է 143 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Վե՛րջ․ Բաքվի բանտերից գերիներին վերադարձնելու պահն է․ Նարինե Դիլբարյան (video) Էս ձուն շենքի վրա չեմ նետելու, իրանց եմ փոխանցելու, որ նայելով՝ հասկանան՝ իրանք ովքեր են․ Չախոյան (video) Արայիկ Հարությունյանը դատապարտվեց Լևոն Մնացականյանը դատապարտվեց Աննախադեպ է, այսօր ՀՀ բանտերում են գտնվում ՀԱՍԵ չորս Սրբազան Հայրեր, ինչով վնասում ենք ինքներս մեզ, հայ ժողովրդին․ Տեր Փառեն Կիևի քաղաքապետը հայտնել է ռուսական հարձակման հետևանքով վիրավորների մասին Մենք պարտավոր ենք պայքարել․ հարվածը եկեղեցու դեմ չէ, ամբողջ հայ ժողովրդի դեմ է. Տեր Փառեն (video) Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը Կռիվ Արթուր Չախոյանի և ոստիկանների միջև․ «Առաջ չեք գնալու», «չես կարա ասես ինձ» (video) Փաշինյանը մրցանակ է ստանում՝ քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն․ քաղաքագետ Լրատվամիջոցներին դասեր տալով՝ բարոյականության դեֆիցիտը հնարավոր չէ լրացնել Դի Վենսը մեկնում է արտասահմանյան ուղևորության, որը համատեղում է դիվանագիտությունն ու սպորտը․ «Ասոշիեյթեդ պրես» Իսրայելը քաղաքացիական բնակչության առողջությանը սպառնացող թունավոր նյութեր է ցողում Հարավային Լիբանանի տարածքի վրա Ամերիկյան զորքերը պատրաստվում են ամբողջությամբ լքել Սիրիայի հյուսիս-արևելքը Արման Սարոյան, ձեր կարգալուծությունից հետո ճիշտ է ձեզ Արման Սարոյանով դիմե՞լ, թե՞ Ստեփանոս նախասարկավագով. Տեր Զարեհ Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ պատերազմում զոհված ուկրաինացի զինվորականների թիվը Լարված իրավիճակ Ռասիա մոլի դիմաց. «Դու չես կարա ասես ինչ անեն, կամ չանեն», «30 տարի կանգնել եմ բայց» (video) ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյունավտանգ է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար. Լավրով Ճապոնիայում ձյան առատ տեղումներից մահացել է 38 մարդ Նիկոլը ատում է բոլորիդ․ ապացուցեց՝ թուրքի հրամանով հատ-հատ օգտագործելու ու շպրտելու է ձեզ․ Մկրտչյան (video) Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալը կլուծարվի Թեժ վիճաբանություն՝«Ռոսիա մոլի» դիմաց․«Չխոսաս հետս տենց», «Ես ընգե՛ր չեմ»,«Նայի քեզնից բարձր չգոռամ» (video) Փաշինյանը հիստերիայի մեջ և ի՞նչ սպասել առաջիկա ամիսներին․ Արթուր Խաչիկյան (video) Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am