Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, կալանավորված Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել կալանավայրից․
«Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև։
Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության, որը ի վիճակի չէ պաշտպանել հայ ազգին և նրա շահերը։
Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը կառուցում է ազդեցության գոտի՝ Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։
Այս ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է` Հայ Առաքելական Եկեղեցուն զրկել հասարակության մեջ անկախ խոսելու կարողությունից։ Ինչո՞ւ։
Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնյա հայ ազգի կենտրոնական հենասյունն է։ Իր պատմության գրեթե ողջ ընթացքին այն եղել է ազգը միավորող միակ հաստատությունը։ Այն վերապրել է իրար հաջորդող բռնի հալածանքներ Օսմանյան Կայսրության, Խորհրդային իշխանությունների և Ադրբեջանի կողմից։
Աշխարհը լավատեղյակ է Հայոց ցեղասպանության և դրա դաժան հետևանքների մասին, որի վերջին դրսևորումն էր Լեռնային Ղարաբաղից` Արցախից հայ քրիստոնյաների էթնիկ-կրոնական զտումը, որից դեռ 3 տարի էլ չի անցել։
Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Ադրբեջանը պնդում է, թե Հայ Առաքելական Եկեղեցին «խաղաղության խոչընդոտ» է և պահանջում է, որ որպես խաղաղության պայման հայկական պետությունը զրկի Եկեղեցուն ազգի կյանքում իր պատմական դերը կատարելու կարողությունից։
Պատմության ընթացքում միշտ եղել են հայեր, անգամ հոգևորականներ, որոնք դարձել են Եկեղեցու հալածիչների գործիքները։ Նրանք դա հաճախ արել են խաղաղության անվան տակ։
«Խաղաղություն, խաղաղություն են ասում, մինչդեռ խաղաղություն չկա» (Երեմիա 8:11)։ Այդպես էր մարգարե Երեմիայի օրոք։ Այդպես է նաև այսօր Հայաստանում»։
