Բժիշկներ, պատրաստվեք, այսուհետ դուք պետք է սովորեք երթևեկել մոտոցիկլով. Անուշ Պողոսյան
Սիրելի բժիշկներ, պատրաստվեք, այսուհետ դուք պետք է սովորեք երթևեկել մոտոցիկլով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Առողջապահության նախարարությունը գտնում է, որ շտապ օգնության համակարգում «յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել», իսկ խիտ երթևեկությունը, նեղ փողոցներն ու դժվարանցանելի բակերը խոչընդոտում են շտապօգնության մեքենաների աշխատանքին։
Լուծու՞մը պարզ է․ բժիշկը՝ մոտոցիկլի վրա։
Ըստ նախարարության պատկերացումների՝ մոտոցիկլով աշխատող բժիշկը կշրջանցի խցանումները, ճկուն կանցնի ամենադժվար հատվածներով և հիվանդին կհասնի ավելի արագ։ Իսկ արագ արձագանքումը, ասում են, կարող է բառացիորեն կյանքի արժեք ունենալ՝ սրտի կանգի, ծանր ալերգիկ ռեակցիայի, գիտակցության խորը խանգարման կամ ուժեղ արյունահոսության դեպքում։
Բայց կա մի «փոքր» նրբություն։
Մոտոցիկլով բժիշկը պետք է իր հետ կրի և կառավարի․
շնչուղիների կառավարման միջոցներ (Գվեդելի օդատար խողովակ, «Ամբու» պարկ, կոկորդային դիմակ, լարինգոսկոպ, ինտուբացիոն հավաքածու),
ընդհանուր բժշկական պայուսակ՝ ներառյալ ժգուտ և արյունահոսությունը դադարեցնող CAT տուռնիկետ,
վիրակապական պայուսակ՝ միանգամյա վիրաբուժական հավաքածուով,
ինֆուզիոն համակարգ,
առաջին բուժօգնության պայուսակ՝ թմրամիջոցներով և հոգեմետ դեղերով,
իմոբիլիզացիոն շինաներ և պարանոցային օձիք,
շարժական էլեկտրասրտագրիչ,
ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր,
տոնոմետր, ֆոնենդոսկոպ, պուլսօքսիմետր։
Այս ամենը՝ մոտոցիկլի վրա։
Խցանումների միջով։
Անվտանգության երաշխիքների բացակայությամբ։
Իրավական պատասխանատվության ամբողջ բեռով։
Հա, ի դեպ։
Բուժքրոջ մասին անգամ խոսք չկա։
Սա այլևս առողջապահական բարեփոխում չէ։
Սա փորձ է բժշկության և ողջախոհության սահմանները միաժամանակ խախտելու։
Հ․ Գ․ Շուտով չեմ զարմանա, եթե առողջապահության ոլորտում իրավական ակտով սահմանեն, որ բժիշկը պարտավոր է ոչ միայն բուժել, այլև պարել՝ զումբա կամ այլ պարեր, որովհետև համակարգային ձախողումները միշտ ավելի հեշտ է ծածկել շոուով»։
