Հունական կղզու մոտ 14 միգրանտ է զոհվել առափնյա պահպանության ծառայության նավակի հետ բախման հետևանքով
Հունաստանի առափնյա պահպանության ծառայության և ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակի բախման հետևանքով 14 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Էգեյան ծովի արևելքում գտնվող Խիոս կղզու մոտ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում նավակների, ուղղաթիռի և ջրասուզակների մասնակցությամբ։
Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ մոտորանավակը վտանգավոր մանևրներ էր կատարում, և որ բախման պահին Խիոսի նեղուցում՝ Վրոնտադես գյուղի մոտ, հետապնդում էր իրականացվում։
Փրկվել է քսանչորս մարդ, որոնցից մի քանիսը ծանր վիրավորվել են, իսկ մյուսներն, ըստ որոշ տեղեկությունների, դեռևս անհետ կորած են։
Առափնյա պահպանության ծառայությունը դեռևս չի պարզաբանել բախման ճշգրիտ հանգամանքները։
Հունաստանի պետական հեռարձակող ERT-ն հայտնել է, որ վիրավորների թվում են յոթ երեխա, մեկ հղի կին և առափնյա պահպանության ծառայության երկու աշխատակից։
