Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համարեք ներքոշարադրյալը բաց նամակ, եղբայրական հորդոր կամ բարեկամական խոսք: Այն ուղղված է ձեզ, իրավապահ համակարգում ծառայողնե՛ր, ոստիկաննե՛ր, դատախազնե՛ր, քննիչնե՛ր, դատավորնե՛ր: Եթե ունեք նշված համակարգերում աշխատող զավակ, ծնող, հարազատ, սանիկ, բարեկամ, ընկեր, ապա կարդացեք նրանց համար, փոխանցեք նրանց:

Տողերիս հեղինակի համար բարդ է ընդունել, որ կան մարդիկ, որոնք խղճի դեմ արված որևէ արարք արդարացնելու համար ասում են՝ «տուն ենք պահում», «երեխա ենք պահում»: Այնուհանդերձ, մե՜ծ դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի է հասկանալ աշխատանք, փող, պաշտոն, «տուն պահել» (չնայած, կրկնեմ՝ դժվար է):

Չենք արդարացնում, բայց հասկանալ հնարավոր է: Համենայն դեպս, հասկացողներ, դրության մեջ մտնողներ կան: Մեծ հաշվով, բոլորն անխտիր չեն կարող Դանկո լինել: Դանկոները հատուկենտ են լինում:

ԲԱՅՑ…

Պարոնա՛յք, տիկնա՛յք իրավապահներ, դատավորներ, դատախազներ ու քննիչներ, ոչինչ չարժե նրան, որ կորցնեք ամոթի, մարդուն որպես մարդ բնութագրող բոլոր հատկանիշները: Գրոշի արժեք չունի հնարավոր ու անհնար «կարմիր գծերը» հատելը:

Ավելին, նույնիսկ ստրկամտությունը, ծառայամտությունն ու հաճկատարությունը կարող են սահմաններ ունենալ: Հասկանո՞ւմ եք: Մի նետեք ինքներդ ձեզ անդունդը: Մի՛ հատեք մարդ մնալու անդառնալիության կետը:

Մի քիչ առանձնացեք, մի փոքր խորհեք: Ինքներդ ձեզ հետ: Կանգնեք հայելու դիմաց ու նայեք ձեր արտացոլանքին, եթե այն դեռ արտապատկերվում է:

Մի քիչ զրուցեք… ձեր խղճի հետ: Քնից հանեք (խիղճներդ) ու մի քիչ զրուցեք: Ոչինչ, որ խռոված է, նույնիսկ՝ ավելի լավ, որ խռոված է, դա ձեր մարդկային ու հոգևոր կենդանության նշանն է: Մի՛ կտրեք բարակած այդ լարը:

Իզուր մի՛ փորձեք ձեզ համոզել, թե դուք ճիշտ բան եք անում, թե կարևոր բան եք անում:

Մի՛ համոզեք ձեզ, որ ճիշտ եք անում, որ հայ հոգևորականների դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում: Մի՛ փորձեք ինքներդ ձեզ խաբել, թե հոգևորականները, որոնց դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում, իսկապես ինչ-որ ապօրինի բան են արել: Ինքնախաբեությունը վատագույնն է բոլոր խաբեությունների շարքում:

Լավ, գոնե ձեր իրավաբանական գիտելիքներն իրար տվեք: Ախր, դուք հո շա՜տ լավ գիտեք, որ Եկեղեցին պետությունից անջատ է: Է՛լ ավելի հրաշալի տեղյակ եք, որ դա Սահմանադրության մեջ հստակ գրված ու ամրագրված է:

Դուք շատ լավ գիտեք, որ չեն կարող Կաթողիկոսի ներեկեղեցական որոշումները, կարգադրությունները, Եկեղեցու ինքնավար կյանքին վերաբերող որոշումները դատական վեճի առարկա լինել, այդ որոշումները չեն կարող կարգավորվել աշխարհիկ դատարաններով:

Եկեղեցին՝ ի դեմս իր Հովվապետի, իր եկեղեցական կառույցների, ինքնավար է որոշում քահանաների, եպիսկոպոսների, առհասարակ, հոգևորականների հոգևոր ծառայության նշանակելու կամ ծառայությունից ազատելու, ծառայության վայր սահմանելու հարցերը:

Ախր, սա իրավաբանականի նույնիսկ դիմորդի մակարդակի հարց էլ չի, այնքան ակնհայտ ու պարզ բան է: Ու դուք հաստատ չեք կարող դա չիմանալ:

Ու, առավել ևս, չի՛ կարելի քրեական գործ հարուցել միայն այն հիմքով, որ ինչ-որ դատավորի ինչ-որ անհեթեթ, օրինականությունը, սահմանադրականությունն ու տարրական բարոյականությունը տրորտակ անող որոշում Եկեղեցին չի կատարել…

Մեր մեծերի խոսքը հիշեք. «Քիչըմ մարդ եղեք…»:

Ու, առավել ևս, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմում ձախողվել է: Կանխատեսելի է ու, ամենայն հավանականությամբ, վաղը, մյուս օրը ընտրություններում էլ է ձախողվելու:

Բայց նույնիսկ դա չէ կարևորը:

Կարևոր է այն, թե այս ամենից հետո ձեր մեջ ինչ մնացած կլինի մարդու և հայ մարդու հատկանիշներից, հասկանո՞ւմ եք:

Կարևոր է այն, որ վաղը, մյուս օրը դուք ձեր հայացքը չփախցնեք ձեր երեխայից, թոռնիկից, թոռնուհուց, երբ հարցնի՝ պապի (հայրիկ), իսկ դու ի՞նչ էիր անում, երբ փաշինյանենք ուզում էին քանդել Հայ եկեղեցին:

Սա հո 37 թիվը չէ, որ Բակունց ու Չարենց էին սպանում, Կաթողիկոս էին խեղդամահ անում, հարյուրներով անմեղ մարդկանց գնդակահարում ու հազարներով աքսորի մատնում… Դուք էլ այն ժամանակվա «էնկավեդեականներից» չեք: Չեք, չէ՞: Ու եթե՝ չեք, ապա կընդունեք, որ չի՛ կարելի այդքան իջնել: Չի կարելի այդ աստիճան կամակատար լինել: Ինչ իշխանություն էլ ուզում է, որ լինի:

Վստահ ենք, որ քննչականներում, դատարաններում, ոստիկանությունում, դատախազությունում, ԱԱԾ-ում կան(ու քիչ չեն նրանք) կարգին մարդիկ, որոնք իրենց մարդկային ու ազգային արժանապատվությունը, մասնագիտակա՛ն արժանապատվությունը հարգում են ու դեռ բարձր են դասում:

Ու ո՛չ մի նյութական խրախուսանք, ո՛չ մի պաշտոն, ո՛չ մի «տուն պահել», ոչինչ չարժե համեմատությամբ այն ամենի, ինչը այն մյուսները սոսկ Փաշինյանի քմահաճույքով անում են սեփական երկրի, սեփական ազգի, սեփական ժողովրդի, սեփական Եկեղեցու դեմ:

Դուք էլ եք, ախր, հրաշալի հասկանում, որ տեղի ունեցողն ու փաշինյանական իշխանության կողմից խրախուսվողն արդեն նույնիսկ Եկեղեցու դեմ պայքար չէ: Սա պայքար է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ:

Ավելին, պատերազմը, որ Եկեղեցու դեմ սկսել է Փաշինյանը, իր շոշափուկներով ուղղված է հայեցի ապագայի դեմ հենց այն երեխաների, որոնց «պահում եք»: Որոնց պահելու երերուն պատճառաբանությամբ փորձում եք հիմնավորել այն արարքները, որոնք հեչ անելու բան չեն:

Ամեն ինչ անցնում է: Այս իշխանությունն էլ է անցնելու: Ձեզ այսօր սպառնացողներն էլ են անցնելու: Իսկ ի՞նչ է մնալու հետո: Այս դեպքում ամենից կարևորը. ի՛նչ է մնալու ձեզանից, որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա, որպես իրավապահ: Մտածե՛ք սրա մասին: Մի՛ խոսեք, գոնե մտածեք:

դիտվել է 384 անգամ
Լրահոս
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am