Երիտասարդները վերադարձել են եկեղեցի, համայնքները՝ միավորվել․ Աշոտ Դալլաքյան
Երջանիկ տարեցներ գիտամշակութային միության նախագահ, գրող-հրապարակախոս Աշոտ Դալլաքյանը գրում է․
«Հանուն ՀԱՍԵ Գուգարաց թեմի և նրա հոգևոր դասի, այսօր առավել քան երբևէ կրկին վերահաստատում եմ իմ որդիական խոնարհությունն ու աջակցությունը Գուգարաց թեմի թեմակալ առաջնորդին՝
Բարձրաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։
Այս օրերին, երբ մեր հասարակական կյանքը ապրում է լարված ու փորձության պահեր, առավել կարևոր է չշփոթել քննադատությունն ու բարեփոխման ձգտումը՝ հոգևոր ծառայության արժեզրկման կամ լռեցման փորձերի հետ։
Երբ բարձրաձայնում ենք խնդիրներ, պարտավոր ենք նաև տեսնել ու գնահատել նրանց, ովքեր տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել են ժողովրդին։
Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը երկար տարիներ եղել և մնում է նվիրված իր առաքելությանը՝
թե՛ հոգևոր դաստիարակության, թե՛ ազգային արժեքների պահպանման, թե՛ իր խնամքի տակ գտնվող թեմի ամրացման ու զարգացման գործում։
Այսօրվա տեղի ունեցածը, երբ Հովնան Սրբազանի նկատմամբ սահմանադրական կարգի տապալմամբ, ապօրինի և շինչու մեղադրանքով կիրառվել է չբացակայելու արգելքով խափանման միջոց, չի կարող և չպետք է ընկալվի որպես վճիռ կամ ճշմարտության վերջնական չափանիշ։
Այն առավել ևս չպետք է դառնա պատճառ՝ վտանգելու հոգևոր կառույցի հանդեպ վստահությունը կամ նսեմացնելու տարիներով վաստակած ծառայությունը։
Սուրբ Գրքի խոսքն այսօր առավել կենդանի է հնչում. «Երանելի են արդարության համար հալածվողները, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5։10)։
Որպես Հայոց Սուրբ Եկեղեցու բարեշնորհ զավակ՝ այս պահին առավել սրտագին եմ աղոթում, որ Երկնավոր Տերը խաղաղության, առողջության և արևշատության մեջ պահի թե՛ Գուգարաց թեմը, թե՛ նրա առաջնորդին, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, և բոլոր նրանց, ովքեր հոգով ապրում են մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հավատով։
Շեն մնա Գուգարաց Թեմը, և Աստված օգնական լինի նրա բարեխնամ առաջնորդին, Մեծապատիվ Սրբազանին` Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին այս փորձության ճանապարհին… Սիրելի’ Սրբազան, մեկ օր մոմը կհասկանա, որ գրկել էր մի թել, որն իրեն ոչնչացրեց, պինդ եղեք։
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջոյն»։
