Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը հաստատվեց. այն կներկայացվի ԱԺ
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն կներկայացնի Ազգային ժողով: Ներկայացնելով նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով, որի ընդունման վերջնաժամկետը հունիսի մեկն է: «Հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, այդ իսկ պատճառով էլ քննարկումների մասը կկայանան Ազգային ժողովում: Նախագծի ընդունման համար ազդարարում ենք հանրային քննարկումների փուլը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Ընտրական օրենսգրքում տեղի է ունեցել երկու կարևոր նորամուծություն: Մասնավորապես, առաջարկվում է Գյումրի և Վանաձոր քաղաքներում համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացնել անուղղակի, ինչպես Երևանում: Սա առաջին քայլն է, և կարծում եմ, որ այս ցանկը հետագայում կընդլայնվի, ու մենք կգնանք քաղաքական ուժերի դերի մեծացման համայնքներում»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Մյուս նորամուծությունը ԱԺ-ն պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում, մեծամասնականի տարբերակն այլևս չի նախատեսվում: Դավիթ Հարությունյանը նաև ասաց, որ օրենսգրքով լուրջ փոփոխություններ են կատարվել ԿԸՀ կազմի ընտրության կարգում: Ըստ այդմ՝ ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից, ընդ որում՝ ապահովելով պատշաճ քաղաքական բալանսը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդը, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների 60 տոկոսը: Հիմնավորումներին ծանոթացեք այստեղ։ Ա.Ավագյան
