Ասենք նրանից, թե ինչի վրա է զայրանում կամ ուրախանում ժողովուրդը, կարողանու՞մ են արդյոք «կտեր» տալ
Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
Ժողովուրդը չի լինում խելոք կամ հիմար, բայց ժողովրդի հավաքական խելքն օգնում է ճիշտ որոշումներ կայացնելուն և հանրային ճիշտ արձագանք ապահովելուն: Երևի խելացի բառն անգամ ճիշտ չէ, ճիշտը հասուն բառն է: Հասուն հասարակության մեջ էլ կան, իհարկե, տգետներ, շահամոլներ, չար ու անուղեղ մարդիկ, բայց հանրության հավաքական հասունությունն անչափ կարևոր է: Ընդ որում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ ամեն օր:
Ասենք նրանից, թե ինչի վրա է զայրանում կամ ուրախանում ժողովուրդը, կարողանու՞մ են արդյոք «կտեր» տալ ու մանիպուլացնել նրան, խաբել ու վախեցնել, կարելի է եզրակացնել` հասու՞ն է հասարակությունը, թե ոչ: Երբ հետևում ես մեր հանրային արձագանքներին, ասենք, ամենաակտիվ հատվածի` ֆեյսբուքահայության, հասկանում ես, որ մենք շատ հեռու ենք հասուն կոչվելու իրավունքից: Ինչ որ անհատ ինչ որ բան է ասել և դա փոթորկել է հայ հանրությանը, իսկ որ մի խումբ եպիսկոպոսների նույն օրը խայտառակ, ամոթալի մեղադրանքներ են առաջադրվել և նրանց ելքը երկրից լկտիաբար փակել, վրդովմունքն ավելի զուսպ է:
Եկեք տեսնենք, թե մեր բոլորիս սիրելի Եվրոպայում հասարակությունն ինչից է վրդովվում և փողոց դուրս գալիս: Ամենից շատ բողոքի ակցիաներ լինում են օրենսդրական փոփոխությունների առիթով` ոչ թե արդեն փոխված օրենքների, այլ նախագծերի: Ֆրանսիայի ամենահզոր շարժումը` «դեղին բաճկոնների», սկսվել է վառելիքի հարկի չնչին բարձրացման փորձի ժամանակ, երբ ջարդուփշուր էին անում, հրկիզում ամեն ինչ` ի նշան բողոքի: Հաջորդ ալիքը կենսաթոշակային ռեֆորմի դեմ էր` կենսաթոշակային տարիքը բարձրացնելու փորձի:
Անգամ Ռումինիայի նման ոչ շատ զարգացած երկրում 2017-19 թթ. բողոքի լուրջ ալիք ծագեց Դատական օրենսդրության փոփոխությունների և եկամտահարկի բարձրացման դեմ: 2020-21 թթ Լեհաստանում փողոցը պայքարում էր կանանց իրավունքների, մասնավորապես` աբորտների արգելքի դեմ:
Հաճախ մեկ անձի մահն է բողոք առաջացրել: Օրինակ, սլովակ լրագրող Յան Կուցյակի սպանությունը 2018-ին այնպիսի ալիք առաջացրեց, որ ի վերջո երկրի վարչապետը հրաժարական տվեց: Նման ալիք 2021-ին եղավ Մեծ Բրիտանիայում` 33-ամյա Սառա էվերարդի սպանության պատճառով: Սառն ու անտարբեր բրիտանացիները օրեր շարունակ փողոցում էին, որովհետև մարդասպանը ոստիկան էր, արդյունքում օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին, ոստիկանության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացվեց, մարդասպանը ցմահ ազատազրկվեց:
Եվրոպան, որպես կանոն, ընդվզում է երբ վտանգ է սպառնում հանրային ազատություններին (հավաքների, խոսքի ազատություն), երբ սահմանափակվում են մարդու իրավունքները (ռեպրեսիվ օրենքներ են ընդունվում), կամ երբ փորձում են քաղաքական վերահսկողության տակ առնել ուժային ինստիտուտները, հասարակական տարբեր ոլորտներ: Այն, ինչ անպատիժ անում է Փաշինյանն արդեն 8 տարի:
Իսկ ինչի՞ց ենք մենք վրդովվում, փողոց դուրս գալիս (գոնե ֆլեշմոբեր չենք անում)...արդյո՞ք վրդովվում ենք առհասարակ և փորձու՞մ ենք պաշտպանել մեր իրավունքներն ու ազատությունները, մեր եկեղեցուն, մեր Արցախը, մեր Հայաստանը...
