Փաշինյանը բոլորին ներգրավում է իր հանցավոր պլանի մեջ
Հրապարակը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Մայր Աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։
Ինֆորմացիան հայտնի դառնալուն պես մինչ ակտիվ հանրությունը բողոքի վրդովմունք էր բարձրացրել՝ Պաշտպանության նախարարության որոշումը որակելով Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրի բաղկացուցիչ մաս, նախարար Սուրեն Պապիկյանը տրզած փորով եւ անբռնազբոս տժժում էր Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին։
Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։
Հիշեցնենք, որ Զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին կաթողիկոս Գարեգին Առաջինի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Պաշտպանության նախարարի` 2000 թվականի հրամանով գործածության մեջ է դրվել հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
Հոգևոր ծառայությունն ուներ հետևյալ կառուցվածքը՝ ՀՀ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ, ՀՀ բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներ, ԶՈւ հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը` ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ մնացած 34-ը՝ կամավոր Մայր աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ:
Մինչդեռ այսուհետ, ըստ Պապիկյանի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։
Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։ Եթե ավելի պարզ, ապա աստվածաբանության ֆակուլտետ, հոգեւոր ճեմարաներ ավարտած ցանկացած մեկը, որը թեկուզ չի ենթարկվում վեհափառին, Մայր Աթոռում չի ծառայում, կարող է ծառայության անցնել ԶՈՒ–ում։ Այսինքն այս փոփոխության իմաստն այն է, որ գդերեցների գունդը հանեն վեհափառի ազդեցությունից եւ սեփական «հոգեւոր» գունդը ձեւավորեն։
Բանակում այս փոփոխությունը թերեւս սպասելի էր այն առումով, որ նախորդ շաբաթներին ԶՈՒ հրամկազմը գործի էր դրել շանտաժի ու շահագրգռման բոլոր մեթոդները, որ գնդերեցներին պոկեն Մայր Աթոռից, տրամադրեն վեհափառի դեմ, սակայն ապարդյուն։
Ուստի սպասելի էր, որ իշխանությունը ձեռքերը ծալած չի նստելու եւ վրեժխնդիր է լինելու Պապիկյանի ձեռամբ։
Փաշինյանն ինչպես տեսնում ենք, իր հակահայ ծրագրերին ներքաշում է ողջ թիմին, անխտիր հանցակից դարձնում բոլորին, եւ հատկապես, հանրության մոտ որոշակի դրական ընկալում ունեցող թիմակիցների։
Այսպիսով՝ Սուրեն Պապիկյանը ոչ միայն դառնում է եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկներից, այլեւ խախտում «Հայաստանի Հանրապետության և ՀԱՍԵ-ի հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ եկեղեցին իրավունք ունի զորամասերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու:
«Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Այսինքն՝ նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը»,- այսօր ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ըստ փաստաբանի՝ այս ամենը բարոյահոգեբանական կողմ էլ ունի` իշխանությունը թիրախավորել է ազգային եկեղեցին, բանակի ղեկավարությունը փոխանակ ամեն ինչ անի, որ ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը, ինքն էլ է միջամտում եկեղեցու ներքին գործերին, փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում:
