Հրազդանում «Opel»-ը դուրս է եկել բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել․ կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արայիկ Ի.-ն, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
