Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ․ Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Թուրքական դիվանագիտական և քաղաքական ակտիվությունը Իրան-ԱՄՆ խիստ լարված հակամարտության համատեքստում հաջողությամբ պսակվելու դեպքում էրդողանական վարչախմբին, աներկբայորեն, կբերի նկատելի օգուտներ։
Նախ՝ ներքաղաքական հարցերում ակտիվ պաշտպանելով Իրանի տեսակետները, Անկարան պարարտ հող է ստեղծում թուրք-իրանական հետագա մերձեցման և հարաբերությունների նկատելի ջերմացման համար։
Երկրորդը՝ արտաքին քաղաքական համատեքստում զգալիորեն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում և տարածաշրջանում՝ հանդես գալով որպես Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման այս պահին հիմնական դերակատար կամ առնվազն դերակատարներից կարևորագույնը։
Սիրիայում քրդական հարցում գրանցած ակնհայտ հաջողության պայմաններում, որը զուգահեռաբար Իսրայելի փաստացի պարտությունն էր դրուզներով բնակեցված Սիրիայի հարավից դեպի այդ երկրի քրդաբնակ հյուսիս-արևելք, այսպես կոչված, «Դավթի միջանցքի» կյանքի կոչման հարցում, Իրան-ԱՄն հարաբերությունների կարգավորումը թուրքական միջնորդությամբ կդառնա Անկարայի ևս մեկ հաղթանակ Թել-Ավիվի նկատմամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով իսրայելական ռեսուրսների հիմնական մասի կենտրոնացումը հենց իրանական ուղղությամբ և թույլ չտալով դրանց ուղղորդումն իր շահերի դեմ։
Եվ, ի վերջո՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ երկու կողմերից էլ տնտեսական հարթությունում։
Սրանք, անշուշտ, հնարավոր օգուտների մի մասն են միայն, սակայն այս ամենը հանգում է մի կարևոր պայմանի՝ Իրան-ԱՄՆ ռազմական առճակատումը թույլ չտալու, ինչն էլ իր ողջ կարողությամբ այժմ փորձում է անել էրդողանական վարչախումբը։
Իսկ այս ընթացքում Հայաստանը զուտ պասիվ դիտորդի դերում է, եթե, իհարկե, ներքին մանրախնդիր գզվռտոցի «երաժշտական» ընդմիջումներից զատ, ժամանակ է գտնում դիտարկել և գնահատել գործընթացները»։
