Զելենսկին բացառել է հանդիպման հնարավորությունը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու հնարավորությունը։ Փոխարենը, նա հրապարակայնորեն հրավիրել է Պուտինին Կիև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է RBC-Ukraine-ն։«Իհարկե, բացառվում է, որ ես հանդիպեմ Պուտինի հետ Մոսկվայում։
Դա նույնն է, ինչ հանդիպել Պուտինի հետ Կիևում։ Ես նույն կերպ կարող եմ նրան հրավիրել Կիև, թող գա։ Ես հրապարակայնորեն հրավիրում եմ նրան, եթե, իհարկե, նա համարձակվի», – լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։Նա ընդգծել է, որ Ուկրաինան ցանկանում է կառուցողական համաձայնության գալ պատերազմի իրական ավարտի շուրջ։Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինան լուրջ է վերաբերվում պատերազմն ավարտելու անհրաժեշտությանը։ Հետևաբար, երկրի ղեկավարների մակարդակով հանդիպման ցանկացած իրական ձևաչափ հարմար է։
«Սակայն թե՛ Մոսկվայում, թե՛ Բելառուսում դա պարզապես անհնար է, և բացարձակապես պարզ է, թե ինչու. դրանք պետություններ են, որոնցից մեկը ագրեսոր է, որը սկսել և շարունակում է պատերազմ մեր դեմ՝ սպանելով մեզ, իսկ մյուս երկիրը այս գործողություններում նրա գործընկերն է», – նշել է Զելենսկին։Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Միացյալ Նահանգները չէր բացառել Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև մոտ ապագայում հանդիպման հնարավորությունը։
