Ռոբերտ Քոչարյանի խոսքը պետական և պահպանողական գործչին հատուկ պատկերացումների և ուղենիշների մաստեր կլաս էր. Ասատրյան
Թիկունքում մեր ազգային ինքնության երկու հենասյուների՝ Արարատի ու Հայ Եկեղեցու ֆոնին այսօր մամլո ասուլիսով հանդես եկած Ռոբերտ Քոչարյանի խոսքը պետական և պահպանողական գործչի ու այդ գործչին հատուկ պատկերացումների և ուղենիշների մաստեր կլաս էր։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Առաջ» կուսակցության ԿԳԿ անդամ Գագիկ Ասատրյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահ Քոչարյանը, հերթական անգամ դուրս չեկավ պետական գործչին հատուկ պրագմատիզմի ծիրից՝ միևնույն ժամանակ հստակ ցույց տալով, որ լավ կառավարչի առկայության պայմաններում Հայաստանի համար դեռ ամեն ինչ կորած համարել չի կարելի։ Ընդհակառակը՝ լիարժեք հասկանալով միջազգային հարաբերությունների այսօրվա տենդենցները, նոր կառուցվող բազմաբևեռ աշխարհակարգի տրամաբանությունը՝ նա իրեն հատուկ սառնասրտությամբ ուրվագծեց մեր երկրի համար առավել շահավետ ուղենիշները։
«Փոթորկի ժամանակ խելացի նավավարն իր նավը ծով դուրս չի բերում»,-ասաց երկրորդ նախագահը: Իսկ երկրորդ նախագահն իր փորձով, կենսագրությամբ և աշխարհընկալմամբ այն գործիչն է եղել և կա, ով իր ղեկավարած նավին թե՛ ալեկոծման, թե հանդարտության ժամանակ, ապահովել է հաղթական ընթացք։
Չգտնվեց մի այնպիսի այսբերգ, որին Նիկոլ Փաշինյանի նավը բախված չլինի, չգտնվեց մի այնպիսի ալեկոծություն, որի ուղղությամբ Նիկոլն իր ղեկավարած նավը տարած չլինի։ Նրա ղեկավարած նավն այսօր ոչ միայն ճաքեր է տվել, այլև՝ նրա գոյությունը դարձել է վտանգավոր, նույնիսկ, նավահանգստում կանգնած։
Խելացի նավաստին նավապետ ընտրելուց չի նայում՝ նավապետը լա՞վ է նվագում թմբուկների վրա, թե՞՝ վատ, կարողանո՞ւմ է ձեռքերով սրտիկ անել, թե՞՝ չի կարողանում, լա՞վ է ճղճղում, թե՞՝ վատ, նավը ալեկոծման տանելուց մեղարդո՞ւմ է նախկին նավապետերին, թե՞՝ ոչ։
Խելացի նավաստին նայում է՝ նավապետը հասկանո՞ւմ է նավից, գիտի՞ նրա ուժեղ և թույլ կողմերը, ունի՞ բավականաչափ փորձ՝ այսբերգներն ու փոթորիկները շրջանցելու համար, և, վերջապես, տեղյա՞կ է, թե երբ է պետք, առհասարակ, նավը ծով հանել։ Քոչարյանն այդ նավապետն է․ ի՛ր փորձով, ի՛ր կենսագրությամբ, ի՛ր վճառականությամբ նա կարող է մեր հավաքականության նավը տանել ու հասցնել հաղթանակ հանգրվանի։
