Հակաuանիտարական ու գարշահnտ վիճակ է Հրազդան քաղաքի մի ամբողջ թաղամասում
Տևական ժամանակ է՝ Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց մտնելու համար դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները, նրանց ծնողները պետք է օգտագործեն հակագազ, որպեսզի պաշտպանվեն մոտ մի քանի հարյուր մետրից դպրոցի տարածքում տարածվող գարշահոտից։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ հունվարի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դպրոցի հարևանությամբ բնակվող 9 հարկանի մի քանի շենքերի բնակիչներ իրենց զայրույթն էին հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության, Հրազդանի քաղաքապետարանի հասցեներին՝ ասելով.
«Էս պատմությունը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Դեռ Հրազդանի նախկին քաղաքապետ Դանիելյանի օրոք խոստացան, որ մի ամբողջ թաղամաս ու դպրոց, սննդի ու առևտրի այլ կետեր կփրկվեն գարշահոտից, իսկ գարշահոտի պատճառը մի քանի շենքերի մոտով անցնող՝ դեռ սովետական տարիներին անցկացված կոյուղատարերն են։ Դիտահորերը այնքան են լցվել, որ էլ չի քաշում, ու դրա հիմնական պատճառներից մեկը այդ կոյուղատարերի մաշվածությունն է։ Էն տեսակ է մաշվել, որ արդեն կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ, ինչը պարարտ հող է շենքերի հիմքերի «հերն անիծվելու»։
Ում ասես դիմել ենք, է՛լ Հրազդանի քաղաքապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», նույն պատասխանն է։ Քաղաքապետարանն ասում է՝ տեղյակ ենք, մի բան կանենք, գարունը կգա, աշխատանքները կսկսենք, «Վեոլիա ջուրն» էլ 2-3 անգամ եկավ, ասեղի բարակությամբ պրովուդը մտցրեց, իբրև թե գործ արեց, ու իր աշխատանքները հայտարարելով ավարտված, գնաց։ Իսկ դրա արդյունքում ամբողջ տարածքը, այդ թվում՝ դպրոցի, լցված է կեղտաջրով, հիմա արդեն կեղտասահադաշտի է վերածվել, իսկ երբ կլուծվի խնդիրը, չգիտենք։
Կանոնավոր վճարումները կատարում ենք։ Հլը մի օր ուշացնես, «Վեոլիա ջուրը» նախ ջուրը վրեդ կկտրի, իսկ հետո էլ գործերդ կուղարկի դատարան։ Բա էդ դեպքում, որ նույնիսկ կանխավճար ենք վճարում ու տեղը շնչում ենք դիտահորերից դուրս եկող կեղտի հոտն ու հետո ապրում ամեն պահի շենքը վթարային դառնալու մտավախությամբ, իսկ «Վեոլիա ջուրն» ու Հրազդանի քաղաքապետարանը չեն ուզում վերջնականապես նախ փրկեն շենքերը վթարային դառնալու վտանգից, չեն ուզում հարյուրավոր բնակիչների ու դպրոցին պարգևեն ոչ թե գարշահոտ, այլ մաքուր օդ շնչելու իրավունք»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները նաև ասում էին, որ եթե հարցին լուծում չտրվի, ստիպված դիմելու են ամենածայրահեղ միջոցների, Հրազդանի քաղաքապետարանի առջև իրականացնելու են բողոքի ակցիա, անհրաժեշտության դեպքում էլ կգան Երևան և իրենց բողոքը կանեն կառավարության առջև։
