Այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով․ «Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր Ավարտին է մոտենում 2017 թ.-ը։ Տարեվերջյան ամփոփումներն ու հաշվետվությունները անհրաժեշտություն են պաշտոնյայի, ղեկավարի, քաղաքական, հասարակական գործիչների համար։ Այն հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու տարվա կարևոր իրադարձություններին, ձեռքբերումներին և բացթողումներին, ինչպես նաև նշելու ապագա նպատակները: Տարվա ամենակարևոր իրադարձությունը թերևս ապրիլյան խորհրդարանական ընտրություններն էին, և որպես կանոն, համապետական, ինչպես նաև մեր միջազգային հեղինակության, վարկի բարձրացման համար նշանակություն ունեցող այսպիսի միջոցառումը պետք է մեր ժողովրդի կյանքում կտրուկ առաջընթացի պայմաններ ապահովեր։ Սակայն արդյո՞ք արդարացան ժողովրդի սպասումները։ Արդարության և ժողովրդավարության նոր ցուցանիշներ ապահովեցի՞նք։ Ձևավորվե՞ց արդյոք փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտ։ Ավելի հավատով լցվեցի՞նք արդարության տառը պաշտպանող համակարգի հանդեպ։ Կգտնե՞նք համազգային սպառնալիք հանդիսացող դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ճանապարհները։ Գտնվեցի՞ն արդյոք երկիրը տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Կգտնե՞նք ներուժ՝ խուսանավելու տարածաշրջանային բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, կամրապնդե՞նք մեր անվտանգության համակարգը։ Այսօր այս կարևորագույն հարցերի շուրջ զօր ու գիշեր աշխատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու և իրականությանը համապատասխանող լրատվություն ապահովելու, միմյանց հետ քաղաքակիրթ երկխոսելու փոխարեն տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով, քաղաքացու համարձակությունը ջարդող, վախ սերմանող փորձերով, պետության համար վտանգավոր սադրանքներով՝ ուղղված արտաքին և ներքին քաղաքական դաշտերին: Մերժում և դատապարտում եմ ինքնանպատակ բանսարկություններով արհեստական շիկացած մթնոլորտ ստեղծելու յուրաքանչյուր էժանագին հնարանք և փորձ: Հայոց նորանկախ Հանրապետությունների 25-ամյա պատմության ամենակարևոր ձեռքբերումը եղել և մնում է Հայոց բանակը: Անչափ կարևորում եմ նրա շարունակական կատարելագործումը, մարդակենտրոն բանակի ձևավորմամբ համալրման ռազմավարությունը, մարտական կարողությունների և առաջնագծի մշտական ամրապնդումը, որոնք այսօր արդյունք են բանակի ստեղծման օրվանից ձևավորված լավագույն ավանդույթների և երկար տարիների ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացված բարեփոխումների և համակարգային, շարունակական աշխատանքի: Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ պետք է վերաբերվի տասնյակ տարիների մեր ձեռքբերումներին և պատրա’ստ լինի արյան, կյանքի գնով պաշտպանելու և ավելացնելու մեր նվաճումները։ Հավերժ խոնարհվելով… և սրբադասելով հանուն Հայրենիքի ընկած քաջարի մարտիկներին, մեր ժողովրդի հետ միասին անցնելով պատերազմի, տառապանքի ու ցավի միջով՝ես ամեն անգամ սահմանին զոհված զինվորի սառը ճակատը համբուրելիս հուղարկավորել եմ ինքս ինձ և հոգով մոխրացել որդեկորույս ծնողի հետ… Հետո բոլորս մխիթարվել ենք այն մտքով, որ մենք չե’նք կորցրել նրանց, այլ գտել ենք մեր նորօրյա հերոսներին… Նրանք չե’ն հեռացել մեզանից, նրանք՝որպես հավերժ պաշտպան, ամփոփվել են մայր հողի տաք գրկում… Ցավին փոխարինել են երջանկության արցունքները, երբ որդեկորույս հայ մայրը, փյունիկի պես հառնելով տառապանքից, ցավից, նորից զավակ է լույս աշխարհ բերել՝ նոր պահապան մեր սահմաններին: Ես վստահ եմ՝ նրանք իրենց սխրանքներով գերազանցելու են իրենց հայրերին, եղբայրներին։ Հետևելով երկրում ընթացող մի շարք աղմկահարույց դատավարությունների՝ ցավ ու դառնություն եմ ապրում՝տեսնելով անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերներին։ Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն Արցախի ազատագրական պայքարում։ Եվ այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. մենք բոլորս մտածելու, պատճառները հասկանալու և լուծումներ գտնելու պատասխանատվություն ունենք, այլապես հասարակությունը վերջնականապես կբաժանվի «դատավորների» և «զոհերի»։ Ձևավորված նոր կառավարության գործունեության ընթացքում իրականցվող կառուցվածքային և կադրային փոփոխությունները, նոր գործելաոճը, տնտեսական կյանքի որոշակի ակտիվությունը, դեռևս հեռու են հուսադրող լինելուց և բախվելով համակարգի՝ տարիներով կարծրացած և նրանց հետ համակերպված տարբեր սպառնալիքների հետ՝ արագ ցանկալի արդյունք չեն տալու։ Ինչի՞ կհասնի Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակում: Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել: Գնալով սրվում է աշխարհի ուժային կենտրոնների միջև պայքարը, և Հարավային Կովկասի շուրջն առաջացած բացասական վեկտորներն ուղղվելու են ՀՀ անվտանգության և Արցախի հիմնախնդրի վրա։ Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, քաջ գիտակցում են, որ տնտեսական, քաղաքական այս բարդ իրավիճակում, ինչպիսի հարաբերություններ էլ կառուցենք աշխարհի անվտանգային տարբեր համակարգերի և պետությունների հետ և ամենապատճառաբանված, հզոր պայմանագրերն էլ կնքենք, միևնույն է, չենք կարողանալու հասնել հաջողության, եթե երկրի ներքին կյանքում կտրուկ փոփոխություններ չիրականացնենք։ Չենք կարողանալու հասնել հաջողությունների, եթե համապատասխան աշխատանք չտանենք՝ կառավարման ժամանակակից մշակույթ ձևավորելու նպատակով, մանավանդ քաղաքական և կուսակցական չկայացած համակարգի պայմաններում՝ ռազմավարական մտածելակերպով և պլանավորմամբ, պետական գաղափարախոսությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման արդիական մեխանիզմներով, քննարկումների, ստեղծագործական համարձակ արարման լայն հնարավորություններով և ամենակարևորը՝ժողովրդի առջև թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության և խիստ պատասխանատվության ձևավորմամբ։ …Եվ իհարկե, եթե լուրջ պայքար չտանենք քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճմամբ ձևավորված և տնտեսության ազատականացումը արգելակող, երկրի զարգացումը դանդաղեցնող արատավոր երևույթի դեմ: Ինչպե՞ս անցնենք արդի ճգնաժամային փուլը և դեպի զարգացում տանենք մեր պետությունը: Որպեսզի քաղաքական ուժերը գտնեն մեր պետության զարգացման ճշմարիտ ուղին, պետք է հենվեն Երկրի ճշմարիտ և հզոր ուժի՝ժողովրդի′ վրա, քանզի հայ ժողովուրդը, չունենալով պետություն և պետականություն, հազարամյակներ շարունակ պատմության քառուղիներում ոչ միայն չի՛ կազմալուծվել, չի՛ձուլվել օտարներին, այլև պահպանե՛լ է իր ազգային ինքնությունը՝ եկեղեցին, լեզուն, մշակույթը: Առաջին հերթին պետք է անել այն, ինչը ոչ մի ռեսուրս չի պահանջում, այլ միայն քաղաքական կամք. հաստատել ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ: Մենք երազող ու պայքարող ժողովուրդ ենք: Կարո՛ղ ենք կառուցել կատարյալ պետություն, իսկ կատարյալ պետությունների հիմքում ընկած է արդարությունը։ Պետք չէ ընկնենք աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջենք: Եկեք այն փնտրենք մե′ր մեջ։ Արդար և ազնիվ լինենք միմյանց հանդեպ, որ հիմք դառնա մեր ազգային միասնության, համախմբման, վերելքի և ամենակարևորը՝ Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար: Այսօր, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որ 2018 թ.-ը բազմապատկի մեր խոհեմությունն ու հավասարակշռությունը՝ ճիշտ գնահատելու մեր հնարավորությունները, և պետության առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ճանապարհին՝ համախմբված, պատվով ընդունենք մարտահրավերը, չերկնչե′նք դժվարություններից և դիմակայե′նք հերոսաբար: Խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայկական բանակի ողջ անձնակազմին՝գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին: Առողջություն և հաջողություն մեր բոլոր մարտական ընկերներին: Հպարտություն Հայրենիքի համար կյանքը զոհած մեր քաջարի մարտիկների սխրանքի և հավերժ խոնարհում նրանց հարազատների առջև: Մեր ժողովրդի պայքարն արդար է՝ հանուն Հայաստանի և Արցախի, և պսակվելու է հաղթանակով։ Թո′ղ որ յուրաքանչյուրիս հայրենանվեր ծառայության շնորհիվ 2018 թ.-ը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am