Երեկ Արցախից Հայաստան տեղափոխված Սլավիկ Համբարձումյանն առողջական խնդիրներ ունի
Մայրիկիս քեռին 2023 թվականի Արցախի հանձնումից հետո, երբ բոլորը բռնի տեղահանվել են, հրաժարվել է դուրս գալուց։ Երեկ իմացանք, որ Հայաստան վերադարձող 11 հոգուց մեկը նա է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախում մնացած 10 քաղաքացիներից մեկի՝ Սլավիկ Համբարձումյանի հարազատը՝ Լիլիթ Սարդարյանը՝ նշելով, որ Սոցապնախարարությունից նրանց հայտնել են, որ քաղաքացիները 4-5 ժամից Երևան կտեղափոխվեն։
Լիլիթ Սարդարյանի խոսքով իր տատիկը 90-ական թվականներից ընտանիքը թողել է Աբովյան քաղաքում և տեղափոխվել Արցախ իր եղբորը խնամելու համար։ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելիս պապիկը Հայաստան տեղափոխող ավտոբուսի մոտից փախուստի է դիմել և մնացել է Արցախում։ «Սկզբում Սլավիկ պապը մենակ է ապրել Ասկերանի շրջան գյուղ Խնածախում, հետո բոլորին տեղափոխել են Ստեփանակերտի կացարան։ Պապիկի հետ շատ հաճախ չենք կարողացել կապնվել, երբեք հեռախոս չի ունեցել, իր հետ մնացած մարդկանց կամ Կարմիր Խաչի միջնորդությամբ ենք տեղեկացել նրա վիճակի մասին։ Նա ունի հիշողության հետ կապված խնդիրներ, մի քանի անգամ ցնցումներ է ունեցել, մոռանում է անգամ դեղերը խմել, կասկածում եմ, որ այնտեղ նրան լավ խնամած կլինեն»,- պատմեց Լիլիթ Սարդարյանը։
Լիլիթը Սարդարյանը հավելեց, որ պապիկի վիճակի մասին տեղեկություն ստանալու համար կապվել են Գորիսի հիվանդանոցի հետ, բայց հիվանդանոցից հրաժարվել են որևէ այլ տեղեկություն փոխանցելուց։
