Ռոմանոսի շեֆը, ճիշտ է, դեռ այդ մասին չգիտի, բայց Ռոմանոսը հույս ունի, որ իրեն կհաջողվի համոզել Սամվել Կարապետյանին

Բա չիմացաք… Ռոմանոսն ուզում է ՀԷՑ-ը հետ տալ Սամվել Կարապետյանին, բայց վերջինս չի վերցնում: Ռոմանոսի շեֆը, ճիշտ է, դեռ այդ մասին չգիտի, բայց Ռոմանոսը հույս ունի, որ իրեն կհաջողվի համոզել Սամվել Կարապետյանին եւ գործը գլուխ բերել հնարավորինս անաղմուկ, այն է՝ շեֆի համար աննկատ: Ռոմանոսին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, պնդում են, որ աշխարհում այնպիսի բան չկա, որ շեֆը չգիտի: 

Ավելին, նրանք նեղ շրջանում փսփսում են, որ շեֆն անձամբ է Ռոմանոսին կարգադրել՝ ՀՀ կառավարությանն ազատել ՀԷՑ-ի գլխացավից, բայց այնպես, որ տպավորություն չստեղծվի, թե ինքը եւս այդպիսի ցանկություն ունի: Եվ հիմա պարզվում է, որ ամենամեծ խնդիրը Սամվել Կարապետյանն է, որ չի ցանկանում ՀԷՑ-ը հետ վերցնել: 
Նա Ռոմանոսի մարդկանց հետ է ուղարկել, ասելով․ տղամարդ տղա եմ՝ խոսքիս տերն եմ, մի անգամ ասել եմ՝ թքած ՀԷՑ-ի վրա, եւ ես իմ խոսքը հետ վերցնողը չեմ: Այ պարոն Կարապետյան ջան, արի քո ապրանքը հետ վերցրու՝ խնդրել են ռոմանոսականները:

- Չէ,- ոտքը դեմ է տվել Սամվել Կարապետյանը,- ես ձեր կառավարությանը լավ եմ ճանաչում… Թառլան հորթը տարաք, կաշին ու ոսկորները հետ եք բերել, թե՝ վերցրո՞ւ… Չի լինի:

Ու, քանի որ շեֆի անունը չի հոլովվել այդ խոսակցության մեջ, Ռոմանոսը հասկացել է, որ լուրջ ք.քի մեջ է հայտնվել, իսկ ավելի ստույգ՝ բռնվել գողության մեջ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոդվածների տակ կարող է ընկնել Ռոմանոսը… Ուրիշի գույքի յուրացում, բացահայտ կողոպուտ՝ ամսական 5 միլիոնից ավելի աշխատավարձի տեսքով, տգիտության արդյունքում պայթած եւ հրդեհված մի քանի ենթակայան, շարքից դուրս եկած տրանսֆորմատորներ, անլույս մնացած ահագին ժողովուրդ, հոսանքի գերածախս, չհավաքագրված վճարներ, եւ, ի լրումն այս ամենի, համակարգից մասնագետների արտահոսք, որոնց փոխարեն այսօր ՀԷՑ-ում «Ճ» կլասի էլեկտրիկներն են հարցեր լուծում: Չէ, Ռոմանոսի շեֆին ծանր պատիժ չի էլ հասնի: Նրան ամենաշատը կդատեն «անզգուշության հետեւանքով ընկերությանը պատճառված նյութական վնասի» համար, իսկ այդ վնասը կհատուցի ՀՀ կառավարությունը՝ կառավարության անդամների գրպանից… Նրանք վերջերս են միլիոնավոր դրամների պարգեւավճարներ ստացել եւ, չի բացառվում, Ռոմանոսի շնորհիվ, այսինքն՝ ՀԷՑ-ի:

Մի խոսքով՝ եթե ՀՀ կառավարությանն ու Ռոմանոսին չհաջողվի մինչեւ ընտրությունները ՀԷՑ-ը վերադարձնել, նրանց շեֆը լրջագույն քարոզչական խնդիրների առջեւ է կանգնելու: Որ Հաքան Ֆիդանը Կայա Կալլասի ձեռքն էլ բռնած գա, միեւնույն է, չեն կարողանալու մեր հանրությանը համոզել, որ իրենք գող չեն… Փիլիսոփա են: Թե Ռոմանոսն իր շեֆի հետ՝ ո՜ւր, փիլիսոփայությունը՝ ուր…

Ախր, Եկեղեցու հետ կապված էլ նույն վիճակում են հայտնվել: Եթե մի քանի դասընթացով դեռ կարելի էր էլեկտրիկի մասնագիտություն ձեռք բերել, ապա ես չգիտեմ, թե ինչպես պիտի սրանք մինչեւ ընտրությունները, շատ ներողություն, «տերտերություն» սովորեն: Նախ՝ ո՞վ պիտի սովորեցնի, Կճոյա՞նը… Մեկը լինի՝ Կճոյանին տերտերություն սովորեցնի: «Բառադին» էդ տարիքում պոչը խուզեց, խառնվեց «Նիկոլոտնի» հոտին՝ անիծելով թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, թե՛ նրա հավատավոր հետեւորդների հերը: Հրեն, տասնյակներով կարգալույծ արված տերտերներ ունի ՀՀ կառավարությունը, դե թող գան ու իրենց շեֆին տերտերություն սովորեցնեն: Թուղթ են, չէ՞, ստորագրել, հանձնաժողով են, չէ՞, կազմել՝ իբր Եկեղեցու բարենորոգության: Բա ո՞ւր են, քանի՞ նիստ են արել, ե՞րբ պիտի Եկեղեցին «ազատեն» Վեհափառից: Վաղը մի հատ Ռոմանոս կգտնե՞ն, որ նշանակեն Եկեղեցու ժամանակավոր կառավարիչ: Հոգեւոր ռոմանոսները հո փողոցում թափված չե՞ն, որ մեկին բռնեն ու հընթացս նշանակեն:

Ոչինչ, այդ օրն էլ կգա, ու էդ բառադի տերտերները կգնան Գարեգին Երկրորդի ոտը, թե՝ Վեհափառ տեր, ներիր մեզ, մենք չգիտեինք՝ ինչ ենք անում, քանզի մեզ ուղղորդող ձեռքը շփոթել էինք Տիրոջ ձեռքի հետ: Եվ, պատկերացրեք, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը կների նրանց: Նա էլ իր խոսքի տեր մարդ է, ասել է՝ կներեմ, ուրեմն՝ կների: Խնդիրը նուրբ է այս պարագայում, թեեւ այս հարցում էլ տեղի է ունեցել ուրիշի ունեցվածքի «անզգույշ» յուրացում, որ առաջացրել է ֆինանսական լուրջ հետեւանքներ: Այդքան Եկեղեցի պղծվեց, այդքան հավատացյալ հեռացավ Եկեղեցուց, քանի՜- քանի «սմբակավոր», որ կյանքում պատարագ չէր տեսել, մուտք գործեց Աստծո տաճար եւ օդը մունդռեց, որպեսզի կանգնի հակաեկեղեցական շարժման «առաջնորդի» կողքին եւ ըմբոշխնի կաթողիկոսի անվան զեղչումը… Ու պիտի հարց դրվի այդ առաջնորդի առջեւ՝ Արցախի հազարավոր եկեղեցիներ ու վանքեր, դարավոր դպրանոցներ թողեցիր թուրքին, չհագեցա՞ր, որդյակ իմ, որ հիմա էլ Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի, Մասյացոտնի, Արարատյան թեմերի եկեղեցիներն ես քանդում ու ավերում: Ի՞նչ ես տանելու քեզ հետ, այս վատությունից ու դատարկախոսությունից բացի, ո՞վ է դատաստանիցդ առաջ լսելու այս ողջ ճամարտակությունը, որ քեզ թույլ տվեցիր՝ ազգիդ թշնամուն հաճոյանալու համար:

ՀԳ. Իսկ ընտրություններին մնաց 130 օր:


Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1076 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am