Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվ բանակցություններ ու վերադասավորումներ են ընթանում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանական ընդդիմադիր դաշտից այս պահին «Հայաստան» դաշինքը գրեթե վերջնական որոշում ունի սպասվող ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում։ Պարզապես «աբդեյթ» կարվի ցուցակը, կփորձեն ակտիվ երիտասարդների ներգրավել՝ տարեցներին ուղարկելով վաստակած հանգստի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս պահին խմբակցության կամ ցուցակի կազմի փոփոխությունը առաջնահերթություն չեն դիտարկում։

«Մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետև որևէ կոնկրետություն չկա։ Մենք հայտարարել ենք, որ բանակցությունների փուլում ենք։ Նախ պետք է վերջնականանա դաշինքի ձևաչափը, և պլատֆորմի հետ կապված բոլոր հարցերը ի վերջո կհրապարակվեն»,- ասաց Վարդանյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ նշեց, որ ցուցակի և ձևաչափի վերաբերյալ քննարկումներ դեռևս չկան։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, այս անգամ այնքան էլ հակված չէ մասնակցելու ընտրություններին։ Իսկ թե ում կաջակցեն չմասնակցելու պարագայում, այս հարցն ուղղեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

«Հունվարի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի վերաբերյալ համապատասխան մամուլի հայտարարությունը տարածվել է։ Մենք քննարկել ենք կուսակցության մասնակցության հարցը։ Հնչել են տարբեր կարծիքներ։ Որոշում դեռ չի կայացվել։ Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Աշոտյանը։

Արտախորհրդարանական դաշտում ևս ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի և անձանց միջև։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնարավոր է միասնական ճակատով գնան ընտրություններին։ Համենայնդեպս, քաղաքական դաշտում նման բանակցությունների մասին խոսվում է։

Արթուր Վանեցյանն այս առիթով հրաժարվեց մանրամասներ հայտնել։ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը մեզ փոխանցեց հետևյալը․ «Կոնկրետ ձեր նշած կուսակցությունների մասով առանձնահատուկ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել։ Կան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների հետ շփումներ, մտքերի փոխանակումներ, բայց ոչ ավելին։ Մենք այս պահին ունենք որոշում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին, սակայն չենք բացառում նաև դաշինք կազմելու տարբերակը։ Մենք նաև չենք թաքցրել, որ մեր կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է»։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կտրուկ հերքեց շրջանառվող լուրերը։ Նշենք, որ «Մայր Հայաստանը» վերջերս տեղական ընտրություններում շոշափելի հաջողություններ է արձանագրել։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ հերքեց լուրերը։ «Նման բան չկա։ Ամբողջությամբ սխալ տեղեկություններ են»,- ասաց նա՝ միաժամանակ չհստակեցնելով, թե ինչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել ընտրություններին։

Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում նաև «Միասնության թևեր» շարժման, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև՝ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով։

«Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ։ Եթե լինեն նորություններ կամ արդյունքներ, անպայման կհրապարակենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Աբրահամ Գասպարյանը։

«Հայաքվե»-ից Արմեն Մանվելյանը փոխանցեց․ «Մենք լայն բանակցային գործընթացի մեջ ենք բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Ձեր նշած ուժերի մեծ մասի հետ դեռ հարաբերություններ չունենք, նույնիսկ հանդիպումներ չեն եղել, սակայն դրանք դիտարկում ենք։ Որոշ փուլում հնարավոր է հանդիպենք։ Այս պահին բանակցությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, մինչև դրանք հասնեն, այսպես ասած, տրամաբանական ավարտի։ Կարծում եմ՝ փետրվարի սկզբին արդեն պարզ կլինի»։

«Միասնության թևեր» շարժումից տեղեկացրեցին, որ այս պահին ապագայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն չունեն։

Ռուբեն Մխիթարյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, սակայն ակնհայտ է, որ նրա մասնակցությունը կարող է նոր լիցք հաղորդել ցանկացած միավորման։

Համապետական ընտրություններին ընդառաջ ակտիվ բանակցությունների մեջ են նաև «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), ԲՀԿ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր»-ը, «Նժար» ուժը, «Հաղթանակ» կուսակցությունը՝ նախագահ Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ, ինչպես նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն տվել է իր ընդհանրական պատասխանը։ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ այս պահին չի կարող տեղեկություններ հայտնել։ Հայկ Մարությանը ևս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

«Սասնա ծռեր»-ից Գևորգ Սաֆարյանը փոխանցեց․ «Մենք այս պահին համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունենք։ Ձեր նշած հանդիպումների և բանակցությունների մասին տեղեկություն չունեմ»։

ՀԱԿ-ի փոխնախագահ և միաժամանակ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հերքեց շրջանառվող լուրերը՝ նշելով, որ դրանք լիովին սուտ են։

ԲՀԿ-ից ևս մեզ չհաջողվեց պատասխան ստանալ։ Նրանք ակտիվորեն առաջ են տանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը, ըստ իրենց, լայն համախմբում է ապահովել։

Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն է ծավալում նաև «Մեր ձևով» շարժումը։ Գործունեության մաս են կազմում շարունակական հանդիպումներն ու բանակցությունները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Մեր ձևով» շարժումը բանակցություններ է ունեցել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի հետ։

«Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը մեզ փոխանցեց․ «Ինչպես հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, շարժումը ձևավորվել է հստակ տեսլականի հիման վրա՝ Հայաստանում իրական ու շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով, ինչը հնարավոր է նոր ղեկավարի միջոցով, որը կկարողանա համախմբել պառակտված հասարակությանը։ Մենք նաև նշել ենք, որ շարժումը չի բացառում քննարկումները այն ուժերի և անհատ պրոֆեսիոնալների հետ, որոնք կկիսեն մեր գաղափարներն ու մոտեցումները։ Սակայն այս պահին ձեռնպահ կմնանք մանրամասնելու հնարավոր քննարկումները»։

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն էլ կտրականապես հերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ որևէ ձևաչափով հանդիպում, քննարկում կամ բանակցություն չի եղել։

Այդուհանդերձ, «Մեր ձևով» շարժումը մտադիր է դառնալ լայն միավորում։

Տեսնենք, թե ինչպես կստացվի «կոնսենսուս մինուս մեկ» ծրագիրը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն քաղաքական դաշտում դաշնակիցներ չունի։ «Հանրապետություն» կուսակցությունն ու արևմտյան մյուս ուժերը տեղական մի շարք ընտրություններում պարտվել են, ուստի դժվար է կանխատեսել, թե ինչ տեսք կունենա 2026 թվականի հետընտրական քաղաքական փազլը։

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը բարելավվել է․ դուստրը մանրամասներ է հայտնել Ինչ խնդրի առաջ է հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»․ քաղաքագետ Այս հունվարը Մոսկվայում վերջին 200 տարվա ընթացքում ամենաձյունառատն է Փաշինյանի այսօրվա բրիֆինգից հետո կրկին կարիք կա անդրադառնալու նրա քարոզչական հիմնական թեզին Բաքվի նոր հայտնագործությունը՝ «նրանք վիկինգների, էտրուսկների, տրոյացիների նախնիներն են» Լույսը կյանք է․ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»․ լուսավորեք և՛ ձեր, և՛ ուրիշների ճանապարհը․ Վարդանյան Որևէ մեկը չի կարող արգելել պատմական հայրենիք համարել Տրապիզոնն ու Վանը․ Շարմազանով Հակաuանիտարական ու գարշահnտ վիճակ է Հրազդան քաղաքի մի ամբողջ թաղամասում Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ Հունգարիան թույլ չի տա, որ ռուսական նավթի և գազի արգելքը ներառվի ԵՄ 20-րդ պատժшմիջոցների փաթեթում․ Սիյարտո Երկիրն ուղղակի գժանոցի են վերածել Ուկրաինան այժմ ի վիճակի է մշակել հեռահար հրթիռային համակարգեր, որոնք ավելի լավն են, քան նախորդ տարիներին Եվրոպայում առաջարկված և քննարկված որոշ համակարգեր․ Մերց Ես պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե Ալեն Սիմոնյանն էլ դառնա մեղադրյալ. Նարեկ Սամսոնյան Արագածոտնի մարզում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրшվորներից մեկը մшհացել է Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է. Բագրատ Սրբազանը՝ ԵԽ պատգամավորներին Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ Մինուս 30՝ հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ Լևոն Ազիզյան Շատ մարզային ծննդատներ զուրկ են ժամանակակից սարքավորումներից. սա այն ոլորտն է, որտեղ անգործությունը չի ներվում. Մհեր Մելքոնյան «Մեր ձևով»-ը երևանցիներին կներկայացնի «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզում Փաստաբան Տիգրան Աթանեսյանը զրպարտող է համարում դատախազության տարածած իր և իր կնոջ մասին հաղորդագրությունը Իրանի փլուզումը կարող է լայնածավալ աղետի և քաոսի կհանգեցնի. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am