Գագիկ Սուրենյան. լինելու է անոմալ տաք հունվար
Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Դեկտեմբերի 28-ից սկսած հանրապետությունում տաք օդային հոսանքի ալիքը կրկին ակտիվացել է, այս անգամ ներթափանցում է Իրաքից, Սիրիայից: Երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է` Կապանում հասնելով +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում` Իջևանում, Բագրատաշենում` +17…+18-ի: Այսօր, վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում, մայրաքաղաքում` +12…+14 աստիճանի: Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-ին Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Տեղումները հիմնականում լինելու են անձրևի տեսքով»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Մինչև հունվարի 10-ն այս պահի գնահատմամբ որևէ ցուրտ օդային հոսանքի ներթափանցում չի կանխատեսվում:
