Այս տարին ապացուցեց՝ինչ ճանապարհով ենք գնում. Էդուարդ Շարմազանով
«ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին խնդիրները: Այս տարի իրականացրեցինք շատ դրական խորհրդարանական ընտրություններ, որոնք ստացան միջազգային հանրության և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների դրական վերաբերմունքը: Ավելին՝ մենք ունենք կայուն քաղաքական իրավիճակ, որն ամենաանհրաժեշտ գործոններից մեկն էր թե՛ տնտեսական աճի, թե՛ առհասարակ զարգացման համար»,- ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին երեկ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն 2017 թ.-ի քաղաքական տարին դրական է գնահատում:
Այս տարին ևս ապացուցեց, որ ՀՀ-ն գնում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով: ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիր ստորագրումը որպես ապացույց: ՀՀԿ խոսնակը կարծում է, որ ՀՀ–ն կարողացել է նաև լուրջ քայլեր անել անվտանգության համակարգի ամրապնդման և բանակի հզորացման ուղղությամբ:
«Մենք առաջնթաց ունեցանք նաև արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում` նկատի ունեմ թե՛ Արցախյան հիմնահարցը, թե՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որտեղ կարողացանք որոշակի դրական տեղաշարժեր ապահովել»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը:
