Մկրտչյանը խոստացավ
ԲՈՒՀ-երի ինքնակառավարման հարցը շատ կարեւոր է եւ պետք է լուծվի Բոլոնյան գործընթացի չափանիշների շրջանակներում։ Այս մասին մարտի 3-ին կայացած Կառավարության նիստում ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ ներկայացնելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի օրինագծի բացասական եզրակացությունը։ Պատգամավորն առաջարկում էր օրենսդրական մակարդակով գրանցել ԲՈՒՀ-երի խորհուրդների ապաքաղաքականությունը՝ զրկելով քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ քաղաքական կուսակցությունների ղեկավար խորհրդի անդամներին ուսումնական հաստատության Խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից։ Նախարարը նշել է, որ այդ խորհուրդները ձեւավորվում են պրոֆեսորադասախոսական կազմից եւ ուսանողներից։ Հետեւաբար պարզ չէ, թե ինչպես կարող են կուսակցությունների ներկայացուցիչները ազդել որոշումներ կայացնելու վրա։ Այդուհանդերձ չի կարելի աչք փակել ԲՈՒՀ-երում քաղաքական ակտիվության վրա։ «Մենք կիսում ենք պատգամավորի մտահոգությունը եւ օրինագիծ ենք մշակում, որը կկատարելագործի ԲՈՒՀ-երի ինքնակառավարման հարցերը Բոլոնյան գործընթացի չափանիշների շրջանակներում»,- ասել է Մկրտչյանը։
