Էրդողանն արդեն վախենում է, որ Թուրքիայի վերջն է. Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին LifeNews-ի եթերում ասել է, թե ինչ է սպասվում Եվրոպային առաջիկա տարիներին: Քաղաքական գործչի կարծիքով՝ նա գոյություն կունենա 20 տարուց ոչ ավելի, որի պատճառը ժողովրդավարությունն է, ինչով այդպես հպարտանում են եվրոպացիները: Ժիրինովսկին հստակեցրել է, որ այդ համակարգը ուղղակի ունակ չէ երկրները պաշտպանել Մերձավոր Արևելքում և Ասիայում տեղի ունեցողից: «20 տարի անց Եվրոպան կփլուզվի: Եվ ես կտոնեմ իմ 90-ամյակը՝ նրան ուղեկցելով իր վերջին ճանապարհին: Դա շատ լավ է մեզ համար: Ժողովրդավարությունն է ծնում այդ իրավիճակը, քանի որ Արևմուտքում ժողովրդավարությունը նշանակում է բոլորին ընդունել, բոլորին ջերմացնել, բոլորի իրավունքները պաշտպանել: Դա կլիներ դրախտ, եթե նրանք միայնակ լինեին, սակայն կողքին Աֆրիկան է, Ասիան, Մերձավոր Արևելքը, ամենուրեք պատերազմ է, և այն գնում է դեպի Եվրոպա»,- ասել է Ժիրինովսկին: Այդպիսի ճակատագիր սպասվում է նաև Թուրքիային, սակայն այլ պատճառներով: Թուրքիային Ժիրինովսկին տվել է 2-3 տարուց ոչ ավելի: «Այժմ ամենածանրը Թուրքիայի վիճակն է: Նրան ձեռնտու է Ասադի տապալումը, որպեսզի գրավի Հյուսիսային Սիրիան: Դրա համար անհրաժեշտ է ջախջախել քրդերին, իսկ դա հարված կլինի Իրաքին, Իրանին և Ռուսաստանին: Ի՞նչ կանի նա երեք երկրների դեմ»,- բացատրել է քաղաքական գործիչը: «Թուրքիան ապագա չունի: Այն կտրոհվի, կստեղծվի անկախ Քրդստան: Եվ Էրդողանը արդեն վախենում է, որ Թուրքիայի վերջն է»,- հայտարարել է Ժիրինովսկին:
