Փաշինյանը՝ Էրդողանի վերջին մտքերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ճեպազրույցի ընթացքում ողջունեց Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը։ Նա անդրադարձավ Թուրքիայի ղեկավարի վերջին հայտարարությանը, որ 2026 թվականին սպասվում են խորհրդանշական քայլեր երկկողմ հարաբերությունների շրջանակում։ «Արդեն հասունացել է այն պահը, երբ անհրաժեշտ են և՛ խորհրդանշական, և՛ ավելի կոնկրետ ու գործնական քայլեր։ Հույս ունեմ, որ այդ քայլերը կիրականացվեն»,– նշեց վարչապետը՝ առանց բացահայտելու, թե կոնկրետ ինչ ուղղություններով կկատարվեն այդ քայլերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և հաջորդ տարվա սկզբից նախատեսվում են մի շարք խորհրդանշական քայլեր։ Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը այժմ ավելի մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ նախկինում։
«Հրապարակ օրաթերթ»
