Սուրբ Ծննդին Կալիֆոռնիան փոթորիկ է ծածկել. Լոս Անջելեսում տորնադոյի վտանգ կա
Չորեքշաբթի օրը Հարավային Կալիֆոռնիայում հորդառատ անձրևները հանգեցրել են լայնածավալ հանկարծահաս հեղեղումների։ Լոս Անջելեսը հայտնվել է տորնադոյի վտանգի տակ, հայտնում է Reuters-ը։
Հայտնի է, որ իշխանությունները վարորդներին հորդորել են ձեռնպահ մնալ ուղևորություններից, իսկ անտառային հրդեհներից տուժած նախալեռնային լանջերի և կիրճերի ստորին հատվածների բնակիչներին՝ տարհանվել։
Օդերևութաբանների տվյալներով՝ առանձին շրջաններում տեղումների ինտենսիվությունը գերազանցել է ժամում 2,5 սմ-ը։ Հորդառատ անձրևները առաջացել են այսպես կոչված «մթնոլորտային գետի» պատճառով. դա Խաղաղ օվկիանոսից եկող խոնավ օդի հզոր հոսք է, որը ծածկել է Մեծ Լոս Անջելեսի տարածքը։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ Սուրբ ծննդյան նախօրեին սկսված փոթորիկը կտևի մինչև ուրբաթ։ Սա վտանգավոր պայմաններ է ստեղծում ճանապարհներին տոնական ակտիվ ուղևորությունների ժամանակահատվածում։ Գերատեսչությունից զգուշացրել են, որ կյանքին սպառնացող վտանգը կպահպանվի առնվազն մինչև Սուրբ ծնունդ։
Հանկարծահաս հեղեղումների վերաբերյալ նախազգուշացում է հայտարարվել Լոս Անջելեսի շրջանի մեծ մասում մինչև տեղական ժամանակով 18:00-ն։ Վարորդներին կոչ է արվել դուրս չգալ առանց ծայրահեղ անհրաժեշտության և խստորեն հետևել տարհանման հրահանգներին։
Լոս Անջելեսի իշխանությունները հայտնել են, որ տարհանման հրամանները վերաբերել են մոտ 130 տան, որոնք հատկապես խոցելի են համարվում սողանքների և սելավային հոսքերի նկատմամբ։ Խոսքը այն շրջանների մասին է, որտեղ անցյալ տարի անտառային հրդեհները լուրջ վնասներ էին հասցրել, մասնավորապես՝ Փասիֆիք Փալիսեյդսում:
Անձրևներն ուղեկցվել են քամու ուժգին պոռթկումներով, որոնք կարող են տապալել ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը։ Սիերա Նևադայի լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն։ Օդերևութաբան Արիել Քոենի խոսքով՝ չորեքշաբթի առավոտյան որոշ նախալեռնային վայրերում տեղումների քանակը կազմել է 10-ից 20 սմ, արձանագրվել են բազմաթիվ սողանքներ։
Բացի այդ, սինոպտիկները տորնադոյի վերաբերյալ հազվադեպ հանդիպող նախազգուշացում են հրապարակել Լոս Անջելեսի արևելյան-կենտրոնական շրջանի մի հատվածի համար՝ Ալհամբրա քաղաքի մերձակայքում ուժեղ ամպրոպային ակտիվության պատճառով։
