Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան
Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են` տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման:
Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որում` կրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին:
Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»:
Մեր հիացմունքն ենք հայտնում Մայր Աթոռի օրինապահ միաբանությանը` եպիսկոպոսներին և վարդապետներին, քահանայից դասին, սարկավագաց և մեր հավատավոր և հավատարիմ ժողովրդին:
Մնացեք ամուր և զորավիգ եղեք ձեր Մայր եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին:
Խավարը կանցնի, լույսը կրկին կհաղթի:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
ՀԳ. Ես «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ. հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ: Աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար:
20.12.25
177-րդ օր ապօրինի ազատազրկման
